Մոտավորապես 10-15 օր է տևում, մինչև Երևանից բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների մեքենաները հասնում են Ռուսաստանի Դաշնություն։ Պատճառները Լարսի մաքսակետում հսկայական հերթերն են և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խիստ հսկողությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հերբերտ Համբարձումյանը նշեց՝ Իրանը Թուրքիայի հետ սահմանը փակել է, Թուրքիայից բոլոր բեռները, որոնք գնում են Միջին Ասիա, հիմա անցնում են Վրաստանով՝ Լարսով։


«Այնտեղ մեքենաների մեծ կուտակում է եղել։ Դրան ավելացել են կորոնավիրուսի հետ կապված խնդիրները։ Գիտեք, 14 օր կարանտինի մեջ են պահում, ստուգում են։ Դրա համար Վրաստանի տարածքում մեքենաների մեծ կուտակում է առաջանում։ Մեքենաները Բագրատաշենից մինչև Լարսը անցնում են՝ մոտ 10 օր տևում է»,- տեղեկացրեց Համբարձումյանը։

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահը դժվարացավ ասել, թե այս պահին քանի մեքենա ունենք Լարսում հերթի մեջ, սակայն մշտապես կապի մեջ են փոխադրող ընկերությունների հետ։ «Պետք է ասեմ, որ թվաքանակը նախկինի չափ չի, հիմա քիչ է։ Մեքենաների քանակը պակասել է, բայց թիվ չեմ կարող ասել»,- նշեց Հերբերտ Համբարձումյանը։

Որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում էր ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետը տեղեկացրել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի ըստ էության Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել՝ ասել էր վարչապետը։

Այս առնչությամբ մեր զրուցակիցը նշեց, որ հայկական բեռնատարների ուշացումների կամ ձգձգումների մասով վրացական կողմից որևէ դիտավորյալ կամ սուբյեկտիվ պատճառներ չի նկատել։ «Վրաստանում կան օբյեկտիվ պատճառներ։ Դա մեքենաների քանակությունների աճն է ու կորոնավիրուսային ստուգումները։ Մեքենաները շատ են ավելացել, այդ թվում՝ Թուրքիայից, հերթ է գոյանում։ Կանաչ գոտի ասվածը տեսեք ինչպես է. եթե հերթը հասավ, վրացական կողմը մոտ 30-35 մեքենաներով ուղեկցում անցկացնում է Վրաստանի տարածքով մինչև Գուդաուրի։ Բայց այդ դեպքում էլ մեքենաները էլի հերթի մեջ են, պետք է դեռ հերթը հասնի։ Այսինքն՝ ուրիշ երկրի մեքենաներ չեն անցկացնում, մերը կանգնեցնում։ Անցնում գնում են»,- մանրամասնեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հերբերտ Համբարձումյանը։