Առաջին լրատվականը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գոռ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությւոնը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ: 1991 թվականին ծնված Գոռ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում Գոռ Գ.-ն Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Բուրգեր» ռեստորանային համալիրի բակում վիճաբանության մեջ է մտել Սևանի բնակիչ Արման Ա.-ի հետ, բռունցքով հարվածել է նրա ճակատի աջ մասին:

Հարվածից տուժողը վայր է ընկել ու գլխով հարվածել գետնին: Ըստ մեղադրանքի՝ Գոռ Գ.-ի հարվածի ու գլուխը գետնին հարվածելու հետևանքով տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ձախից՝ քունքածոծրակային փափուկ հյուսվածքների, գլխուղեղի, ուղեղիկի, ուղեղաբնի փափուկ թաղանթների, գլխուղեղի փորոքային համակարգի և ուղեղային հյուսվածքի արյունազեղումների, ենթակարծրենային արյունահավաքի, գլխուղեղի մասնակի ջնջխման, գլխուղեղի և ուղեղաբնի ծանր աստիճանի սալջարդով ուղեկցված, հետին գանգափոսում գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով: Ստացած վնասվածքներից Արման Ա.-ն օրեր անց՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին, մահացել է:

Ամբաստանյալ Գոռ Գ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ տուժողին չի ճանաչել: Եթե իմանար, որ մի հրելով այդպիսի բան կլինի՝ մարդը կմահանա, եթե ժամանակը կարողանար հետ տալ, երբեք նման բան չէր անի: Ամբաստանյալն ասել է, թե տուժողին տեսել է ռեստորանի բակում՝ նա գալիս էր դեպի մեքենան ու հայհոյանքներ էր տալիս: Ինքը հորեղբոր ու նրա կնոջ հետ էր, հորեղբոր մեքենայի դուռը բաց էր, մեքենան ռեստորանի կայանատեղիում էր: Ով էլ լիներ իր տեղը՝ երբ հարսի ներկայությամբ հայհոյանք են տալիս, կարծում է՝ նույնը կաներ: Ինքը մոտեցել ու հրել է տուժողին, ասել է, որ նա հետ գնա: Ինքը չի խփել: Ինքն այդ օրը հարսանիքի էր գնացել:

Հետո դուրս էին եկել, որ տուն գնան: Ձայներ է լսել, տեսել է՝ իր համագյուղացիներն են, մոտեցել է, «մտել է մեջները, որ բաժանի»: Վիճողները 15-20 հոգի էին: Հետո տեսել է, որ հորեղբոր քթից արյուն է գալիս: Մութ էր, ուրիշներին չի տեսել: Մտել է հորեղբոր թևը, բերել է մեքենայի մոտ: Դուռը բացել է, որ նստի: Մեքենայի մեջ էր հորեղբոր կինը: Ու այդ ժամանակ ինքը տեսել է, որ մեկը խմած, շորերը ճմրթված, «քֆուր տալով, քայլելը՝ գլորվելով, բառերը կիսատ ասելով» գալիս է իրենց մեքենայի կողմը: Ինքը մոտեցել ու բրդել է, ասել է՝ հո շառ չե՞ս, մեքենայի մեջ կին կա:

Հետո շրջվել ու գնացել է դեպի հորեղբոր մեքենան: Ինքը չի էլ տեսել՝ այդ մարդն ընկել է, թե չի ընկել... Ամբաստանյալը պնդել է, որ տուժողին չի հարվածել: Եվ «Նորայր» անունով մարդու չի ճանաչել: Տուժողի մահվան մասին իմացել է ոստիկանության բաժնում՝ իրեն թուղթ էին ուղարկել, որ ներկայանա, ինքը ներկայացել էր: Նորայր Մ.-ն հայտնել է, թե 2017 թվականի օգոստոսի 30-ին ինքը հրավիրված էր հարսանիքի: Գնացել է կնոջ, վերջինիս քրոջ ու նրա ամուսնու հետ: Ամեն ինչ նորմալ է եղել: Ժամը 22-22. 30-ի սահմաններում հեռախոսով խոսելու և օդափոխվելու համար ցանկացել է դուրս գալ սրահից խոհանոցի միջով: Երբ ինքը խոհանոցում էր, խոհարար Վահագը դրսից մտել, մոտեցել է իրեն ու հարցրել է՝ ինչո՞ւ քֆուր տվիր: Ինքը զարմացել է, որովհետև ոչ մեկին «քֆուր» չէր տվել, առավել ևս՝ Վահագին, նրան վաղուց է ճանաչում: Հարցրել է՝ ո՞վ է ասել, նա պատասխանել է, թե՝ երեխան:

Ինքը երեխային է հարցրել, երեխան չի պատասխանել: Ինքը Վահագին ասել է՝ վաղը կխոսենք: Դուրս է եկել, գնացել է շատրվանների կողմը: Քենակալ Գևորգն առաջարկել է կանանց կանչել ու գնալ տուն, բայց ինքն ասել է՝ հարսանիքը դեռ շարունակվում է, ինչի՞ համար տուն գնանք: Գևորգը գնացել է, քիչ հետո ինքն է ցանկացել մոտենալ մեքենային, տեսել է մի մարդ գետնին ընկած՝ ծանր շնչում է: Մութ էր, ինքը չի ճանաչել, որ դա Արմանն է՝ մյուս քենակալը: Հետո է տեսել, կանչել է՝ Արման, Արման: Մարդկանց հարցրել է՝ ի՞նչ է եղել: Ասել են՝ բա ընկել է:

Տեսնելով, որ նա ուշքի չի գալիս, տարել են շատրվանների կողմը, ջուր են շփել, զանգել են շտապօգնություն, հետո մեքենայի մեջ են դրել, որ տանեն հիվանդանոց: Իրենց ընդառաջ դուրս է եկել շտապօգնության մեքենան: Տարել են հիվանդանոց: Հետո տարել են Երևան: Հետո իրեն տարել են բաժին... Տուժողի իրավահաջորդը՝ հայրը, հայտնել է, թե դեպքի մասին լսել է համագյուղացիներից: Ինքը թոռան հետ տանն էր, որդին ու հարսը գնացել էին հարսանիք: Դեպքի մասին լսել է, որ Նորայրը ռեստորանում մոտեցել է մատուցողներին, ասել է՝ եկեք մի-մի բաժակ խմենք: Մատուցողները հրաժարվել են, ասել են՝ գոհ ենք: Նորայրն էլ հայհոյել է: Խոհարար Վահագի տղան լսել, գնացել, հորն ասել է: Խոհանոցի մեջ սկսվել է «ռազբորկեն, քաշքշոցն ու խփոցը»: Բաժանել են: Վահագը հրավիրել է դուրս, դրսում կռիվ է գնացել:

Մոտեցել են Նորայրի «բաջանաղ» Գևորգը, մատուցողները, երաժիշտները: Այդ ժամանակ մեքենա էլ են ջարդում, չեն ասում դրա մասին, ասում են, թե վթար է եղել: Ափանը մոտեցել, կարգի է հրավիրել, հայհոյել է Նորայրին, ապտակել է, Նորայրը խփել է նրա քթին, Ափանն ընկել է գետնին: Արմանը Ափանին ճանաչել է, մոտեցել ու կռացել է, որ տեսնի՝ ինչ է եղել, Գոռը նրան խփել է... Ինքը իմացել է, որ կռիվը որդու «բաջանաղներից» է եղել, որդին կապ չի ունեցել... Դատարանը եզրահանգել է, որ Գոռ Գ.-ին առաջադրված մեղադրանքը գործի քննությամբ հաստատվել է:

Նա մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Գոռ Գ.-ն դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի սեպտեմբերի 3-ից: Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 542 հազար 644 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել տուժողի իրավահաջորդը և ամբաստանյալի շահերի պաշտպանը: Տուժողի իրավահաջորդը պահանջել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության՝ Գոռ Գ.-ի նկատմամբ «համաչափ և արդարացի պատիժ սահմանելու համար»: Ամբաստանյալի շահերի պաշտպանը նույնպես պահանջել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության կամ՝ փոփոխել դատավճիռը, արարքը վերաորակել, Համաներման կիրառմամբ իր պաշտպանյալին ազատել պատժի կրումից կամ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան: Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննվում է Ս. Համբարձումյան, Ա. Նիկողոսյան, Ն. Հովակիմյան կազմով: