Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է 900 միլիոն դրամ վճարել փաստացի իրեն պատկանող առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Նման բովանդակությամբ դատավճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ. այս մասին հայտնում է «Հետք»-ը:

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ.-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։ Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։

Դատարանը 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է Աղասի Դանիելյանի հայցը բավարարել։ Աղասի Դանիելյանի և Գասպարյանի զոքանչի միջեւ կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդի պարտավորությունները փոխանցվել են Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը։ Առանձնատան նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու անվամբ կադաստրում կատարված գրանցումն անվավեր է ճանաչվել։ Որպես առանձնատան սեփականատեր կադաստրում պետք է գրանցվի Վլադիմիր Գասպարյանի և կնոջ համատեղ սեփականության իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանն ու նրա կինը Աղասի Դանիելյանին պետք է վճարեն 900 միլիոն դրամ՝ առանձնատան գումարը։ 18 միլիոն դրամ էլ նրանք պետք է վճարեն պետբյուջե՝ որպես պետական տուրք։ Գասպարյանների հաշիվների և գույքի վրա դրված արգելանքը կպահպանվի մինչև դատական ակտի կատարումը։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: