«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:


Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները մուտք էին գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ քննչական գործողություններ էին կատարել: Գործն այն աստիճան լուրջ էր, որ քննության ընթացքում ԱԱԾ-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թուլյ չէր տվել դուրս գալ անգամ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանին, նրա տեղակալ Արայիկ Ղազարյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել էին Ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ ի՞նչն էր այդ հատուկ օպերացիայի պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Դավիթաշենի բաժնի աշխատակիցները վերջերս մի անձի են բերման ենթարկում` գողություն կատարելու կասկածանքով: Եվ ահա իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ենթադրյալ գողություն կատարած անձը ոստիկաններին պատմում է, որ գողությունը ինքն է կատարել, անգամ տանում է, ցույց է տալիս դեպքի վայրը եւ պատմում դեպքի մանրամասները, թե ինչը որտեղից է վերցրել: Ասել է թե` տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ահա այստեղից էլ առաջացել է Դավիթաշենի ոստիկանապետին կալանավորելու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ Դավիթաշենի ոստիկանության կողմից բացահայտված եւ վերադասին զեկուցված ենթադրյալ գողության դեպքը սարքած գործ է եւ գողություն կատարողը սուտ ցուցմունք է տվել ու ոստիկաաններն էլ կասկածելի հանգամանքներում այն հալած յուղի պես ընդունել են: ՀՀ ԱԱԾ-ն էլ գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել եւ զինված փաստերով ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նշված օրը` Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում խուզարկություն կատարելու ժամանակ պահարաններից մեկի միջից ԱԱԾ-ն հայտնաբերել է հաշիշ տեսակի թմրանյութ: Թե ինչ ծագում ունի այս թմրանյութը, ինչ հանգամանքներում է հայտնվել ոստիկանության շենքում` ոչնչանալու կամ հատուկ պահման վայրում լինելու փոխարեն, դեռ քննությունը կպարզի:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ենթադրյալ գողը, որի համար այսօր ընդհուպ մինչեւ ոստիկապետ կա կալանավորված, նախկինում դատապարտված է եղել: Արդյոք նա հավաքագրված է եղել ԱԱԾ-ի կողմից նախապես, թե հետո է ԱԱԾ-ն հետքի վրա ընկել, դժվար է ասել, բայց փաստ է, որ մեր երկրում տեղի է ունեցել բացառիկ բան. ուժային մի կառույցը կալանավորել է մեկ այլ կառույցի ոչ շարքային աշխատակիցների:

Ավելին, մեզ հասած տեղեությունների համաձայն, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այդ առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով ՝պաշտոնական լիազորությունների չարաշահում:

Վերը նկարագրված տեղեկությունների իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ օրաթերթը» դիմեց ԱԱԾ լրատվական բաժնին, որտեղից միայն հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ եւ այլ տեղեկություններ հայտնել չեն կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: