Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ կենտրոնացված է կորոնավիրուսով վարակվածների մի մասը։

Բժիշկները պատմել են իրենց առօրյայի ու զգացմունքների մասին։

Մեկ ամսից ավել է, ինչ հայ բժիշկներն ու բուժաշխատողները պայքարում են SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Ներգրավված է 1700 բժիշկ ու բուժաշխատող, ինչպես նաև մի քանի հարյուր օրդինատոր։

Բժիշկների մի մասը, հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, մեկուսացվել է, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել իրենց ընտանիքներին։

Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս չեն տեսել իրենց երեխաներին կամ հեռվից են տեսել։

Բուժաշխատողները խոստովանում են, որ շատ են կարոտել իրենց ընտանիքներին ու սովորական կյանքին։

Բժիշկները կարոտել են ծնողներին, տնական տաք ճաշերը, բայց նրանց աչքերը լցվում են, երբ սկսում են երեխաների մասին խոսել։

Փոքրիկներն ամենածանրն են տանում ստեղծված իրավիճակը:

Նրանք սպասում են մայրիկների ու հայրիկների վերադարձին, իսկ ծնողները չեն ուզում հուսախաբ անել երեխաներին ու ամեն բան անում են մայիսի վերջին տուն գնալու համար։

Քաղաքացիներին բժիշկները միայն մի բան են խնդրում` մնալ տանը, որ չտարածեն վիրուսը։