«Մենք ունենք ավիաընկերություններ, որ գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր պետություններում՝ Աֆրիկայում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ այդ մասով ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ Քաղավիացիայի կոմիտեն որևէ ժամանակահատվածում չի ունեցել ուղիղ կապ տարբեր պետությունների Քաղավիացիաների հետ:

«Մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ հետագայում էլ չկարողանան ավիաընկերությունները գրանցվել ՀՀ-ում և չվերթներ իրականացնել Աֆրիկայում: Այսօրվա դրությամբ մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում և կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ կազմակերպենք, և դրա արդյունքում «Տարոն Ավիա» ընկերության գործունեությունն է կասեցվել և հետո փակվել․ հիմա «Մարս Ավիան» է կասեցվել, և եթե մեզ չներկայացնի, որ թերությունները վերացվել են, մայիսի 1-ով այդ ընկերությունը փակվում է: Դա նշանակում է, որ մենք այլևս չենք ունենալու ավիաընկերություն, որը թռիչքներ է իրականացնելու Աֆրիկայում: Դա մեր կողմից շատ լուրջ որոշում է եղել»,- ասաց Ռևազյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ հայկական որոշ ավիաընկերություններ զենքի տեղափոխմամբ են զբաղվել Աֆրիկայում. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ՝ զենքերի վաճառք և այլն և այլն, և դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ»,- ասել էր նա: