Արցախում 2-րդ փուլով անցկացվող նախագահական ընտրություններին քվեարկող քաղաքացիների թիվն անհամեմատ նվազել է՝ համեմատած մարտի 31-ին 1-ին փուլով կայացած ընտրությունների, երբ դեռևս արտակարգ դրություն հայտարարված չէր: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ելենա Կոստանդյանի խոսքով՝ եթե առաջին փուլով անցկացվող ընտրության ժամանակ մինչև ժամը 11:00-ն ընտրությանը մասնակցել էր քաղաքացիների 26%-ը, ապա այժմ՝ նույն ժամանակահատվածի դրությամբ, քվեարկել է քաղաքացիների 15%-ը: Ինչ վերաբերում է խախտումներին, միջադեպերին, ապա մամուլի քարտուղարը նշեց, որ մինչ այս պահը կոնկրետ ԿԸՀ թեժ գծին որևէ բողոք չեն ստացել. «Ամեն ինչ հանդարտ է անցնում: Կուտակումներ չկան, ամեն ինչ վերահսկողության տակ է: Ախտահանման միջոցառումներ են իրականացվել, ամեն բան արված է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար. ձեռնոցներ, դիմակներ, ալկոգելեր են տրամադրվում»,- ասաց Կոստանդյանը: Նշենք, որ Արցախում ևս հայտարարված է արտակարգ դրություն: ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտակարգ իրավիճակում ընտրություններ անցկացնելը չի իրականացվում որևէ մեկի ցանկությամբ, այլ դա Սահմանադրության պահանջ է, և Հանրապետության նախագահը իրավասու չէ հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են նախագահի թեկնածուներ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին առաջին փուլով կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով՝ թեկնածուներից ոչ ոք չէր ստացել ընտրողների 50%-ից ավելի ձայներ, հետևաբար ամենաշատ ձայներ ստացած Հարությունյանն ու Մայիլյանը պայքարում են երկրորդ փուլում: