«Կառավարական դաչաների», այդ թվում և Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը վարակված է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ, և արդեն մեկ ամիս է, ինչ վիրուսի դեմ բուժում է ստանում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ մոտ 20 օր առաջ Խաչատուր Բարսեղյանը Հրազդան քաղաքի մերձակայքում՝ Մարմարիկ գյուղում մասնակցել է 300 հոգանոց հարսանիքի, վերջինս եղել հարսանիքի խոհարարը։

ArmLur.am-ի հետ զրուցում Մարմարիկ համայնքի ղեկավար Արտակ Պետրոսյանն ասաց, որ հարսանիքը տեղի է ունեցել մարտի 17-ին։

«Հրազդանի քաղաքապետը և ոստիկանությունը բոլոր ռեստորաններին ծանուցել են, որ 20 հոգուց ավելի միջոցառումներ չկազմակերպեն, սակայն վերջիններս ստորագրությամբ համաձայնությունը տվել են, բայց դուրս է գալիս, որ հակառակ բան են արել։ Հարսանիքից հետո բոլորն ինքնամեկուսացվել են, և գտնվել են բժիշկների հսկողության տակ, ու ոչ մեկի մոտ կորոնավիրուս մինչև այսօր չի հայտնաբերվել»,-պատմեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Մարմարիկում կորոնավիրուսով հիվանդ չկա, իսկ այդ երիտասարդը՝ ով հանդիսանում է վարչապետի տան խոհարարը՝ մեր գյուղի թոռ է։

«Մի 7-8 ամիս առաջ գիտեմ, որ Ծաղկաձորում մասնավոր օբյեկտում էր աշխատում, հիմա թե որտեղ է աշխատում չգիտեմ»,-մեզ հետ զրույցում իր խոսքն այսպես ամփոփեց Մարմարիկ համայնքի ղեկավարը։