Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը։ «Ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։ Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։ Նշենք, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստն ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճենը բերված է հաջորդիվ)։Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ.


Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում և ազատում է Տնօրենների խորհուրդը։

Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու են հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և նրա կողմից լիազորված անձինք։

Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը (բացառություն են կազմում Ընկերության խորհրդի և ընդհանուր ժողովի իրավասության հարցերը, որոնցով, ինչպես և այս դեպքում, հանդես գալու իրավունք ունի համապատասխան մարմնի ներկայացուցիչը)»,- ասված է հայտարարության մեջ։

Արա Սերգեյի Խաչատրյան
«Ucom» ընկերության գլխավոր տնօրեն
Մասնագիտական կենսագրություն
Կրթությունը

Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել է Մեծ Բրիտանիայում գտնվող Լոնդոնի «Բիզնես դպրոցում» և ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA): Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։
Աշխատանքը
Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարման խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։