Օֆշորային մեքենայությունների գործով տուժող, նախկին գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Աշոտ Գևորգյանը չի բացառել, որ քրեական պատասխանատվության կենթարկվի նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։

Կճոյանի անունը դեռևս տարիներ առաջ էր շոշափվում օֆշորային սկանդալի մեջ՝ կապված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Արքեպիսկոպոսից բացի օֆշորային սկանդալում էր հայտնվել նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն երկուսն էլ չէին ներգրավվել դատավարական որևէ կարգավիճակով:

Նրանք հերքել էին իրենց առնչությունն այդ գործին, ավելին՝ Տիգրան Սարգսյանը ևս դատարան էր դիմել՝ Փայլակ Հայրապետյանին մեղադրելով զրպարտության մեջ։
Հասարակական-քաղաքական շրջանակներում ասում են, սակայն, որ «օֆշորային սկանդալի պատմությունը դարձյալ կիսատ է բացահայտվելու, որովհետև իշխանությունը չի հասնելու այս գործի մյուս ֆիգուրանտին՝ Պուտինին հերթական անգամ չբարկացնելու համար»։