Հայաստանում համավարակի առաջին իսկ օրից սկսած բուժաշխատողները մարտնչում են առաջնագծում կռվող զինվորների նման։

Վարակաբան Աշոտ Պապիկյանը իր թիմի հետ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքերից հետո տուն չի գնացել, բժշկի խոսքերով՝ հանրային առողջությունն ամենակարևորն է:

«Այս օրերին զգացողություններս խառն են՝ կարոտ, ափսոսանք, առանց ժպիտ մարդիկ։ Մի խոսքով, սա էլ բժիշկների պատերազմն է։ Ես միշտ համեմատում եմ այս օրերին բժիշկների աշխատանքն ապրիլյան պատերազմի հետ: Կարծես պատերազմի շարունակությունը լինի: Այս պատերազմում մենք միանշանակ հաղթող ենք լինելու: Մեր համախմբված աշխատանքի շնորհիվ մեր չարչարանքը հաստատ արդյունավետ է լինելու»,- ասում է բժիշկը։

Աշոտ Պապիկյանը 21 տարի ՀՀ ԶՈՒ և ՊԲ տարբեր զորամասերում զինվորական բժիշկ է աշխատում, պատմում է. «21 տարի որպես զինվորական բժիշկ, զբաղեցնելով բավականին լուրջ պաշտոններ, ծառայել եմ Զինված ուժերում ու գրեթե բոլոր մարտական հենակետերը գիտեմ և բուժօգնություն եմ ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին, և դա այդքան էլ հեշտ չէ, մանավանդ, երբ միայնակ ես դա անում. դու բժիշկ ես, սանհրահանգիչ, բուժքույր էլ չասեմ, ու կարևորը՝ միակ հույսդ դու ես։ Պատասխանատվության չափը մեծ է»։

Բժիշկը նշում է, որ այս օրերին կարոտն անհաղթահարելի է. «Տղաս՝ Վահագնը, շուտով ինը տարեկան կլինի ու բավականին աշխույժ երեխա է։ Կնոջս ասել է. «Մամ, ի՞նչ անեմ, կեղտոտ մառոլ ուտե՞մ, որ փորիկս ցավա, տանեն հիվանդանոց, պապային տեսնեմ»։

Բժիշկն ընդգծում է՝ երբևէ խուճապ չի եղել, սա նորություն չէր մեզ համար, որովհետև H1N1-ի ժամանակ ևս դժվար պայքար էր. «Բժիշկը կյանքում խուճապի չի մատնվում. հիվանդություն է, պետք է համախմբված թիմով աշխատել և հաղթել»։