ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է 2018-ի ապրիլյան քաղաքական դեպքերի ժամանակ ոստիկանության գործունեությանը:

Հարցին, թե 2018-ի իրադարձությունների ժամանակ քաղաքական որոշում չկա՞ր ավելի մեղմ լինելու, Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Ես երբեք ոչ հրահանգներ եմ ստացել, ոչ էլ… Նման բան իմ կենսագրության մեջ չի եղել, որ ինձ հրաման տան՝ սրա հետ խիստ կլինես, սրա հետ՝ թեթև»:

Հարցին, թե 2018-ին հանդիպում ունեցե՞լ է այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, Վլադիմիր Գասպարյանը բացառեց. «Չի եղել նման բան, հանդիպում չի եղել, բայց բոլոր ժամանակներում հավաքները կազմակերպողների հետ մենք ունենում ենք կապ, մենք աշխատում ենք այդ մարդկանց հետ, Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է Վալերիյ Օսիպյանը՝ քաղաքի ծառայության գծով տեղակալն էր և մեր կապավորը: Հարցի ենթատեքստի վերաբերյալ ասեմ՝ ես բարձրաստիճան սպա եմ, ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում, արդարություն չունի»:

Հարցին, թե գուցե այդ ընթացքո՞ւմ է Վալերիյ Օսիպյանը վաստակել ոստիկանապետի պաշտոնը, Գասպարյանն ասել է. «Չեմ էլ ուզում մտածեմ, ի՞նչը վաստակեց, ի՞նչ վաստակի մասին է խոսքը: Չեն վաստակում, ծառայում են հայրենիքին»:

Մանրամասները՝ տեսանյութում: