Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի մասին գրել էի մի քանի օր առաջ: Ինչ գրել եմ՝ տեր եմ: Ի դեպ, իմ մասնակցությամբ ևս մեկ հաղորդում չի հեռարձակվել: Կարծեմ կոչվում է «Կապրենք կտեսնենք»: Գիտե՞ք՝ ինչու: Գամ սկզբից: Թեման տաքսիստների մասին էր: Մի քանի անգամ գրառում էի արել: Հրավիրեցին: Հրավիրողը շատ կիրթ կին էր: Ընդհանրապես, երբ ես գնում եմ ինչ-որ հաղորդման, ինձ հենց սկզբից կարևոր է հրավիրողը, մատուցումը: Դա կանխակալություն է: Մի խոսքով:

Դժոխքը սկսվեց հանդերձարանում: Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հաղորդում վարողները ջարդջրդվում էին բացառապես ռուսերենով: Գավառական ու տգետ ռուսերենով: Ես ձեզ հավաստիացնում եմ, մեր մայլի Նանարը, որը տռիկոտաժի երեկոյան դպրոցի 8-ամյա կրթություն ունի, ավելի լավ է խոսում ռուսերեն, քան դրանք՝ պրովինցիալ սնոբների հավաքածուն: Հարցնում են, թե ինչպե՞ս ինձ ներկայացնեն եթերում: Ասում եմ՝ քաղաքացի Վահրամ Թոքմաջյան: 25 րոպե սպասում եմ տաղավարում, մինչև կանեն իրենց տափակ հումորները տաքսիստների և իրենց քաղաքի՝ Երևանի մասին (Երևանը բոլորինս է, բայց Հայաստանը միայն Երևանը չէ): Դա արդեն ազդեց իմ նյարդային համակարգի բոլոր բջիջների վրա: Ըստ էդ մարդկանց՝ Ծավում կամ Նոյեմբերյանում տաքսիստ չկար: Իրենք ունակ չեն минЬи кентронЬ-ից բացի այլ բան տեսնել: Ու ինձ հրավիրում են տաղավար: Գիտե՞ք՝ ինչպես էին հասկացել «քաղաքացի Վահրամ Թոքմաջյան»-ը: Քաղքի տղա, իսկ ավելի կոնկրետ՝ Էրեվընցի: ՈՒ գրեթե էդ ձև էլ ներկայացնում են:

Բնականաբար, չխուսափելով տեսախցիկների առկայությունից, ես ասում եմ իրենց մասին էն, ինչ մտածում: Իհարկե, հետո գիտեի, որ ինչպես եղել է այլ անգամներ՝ եթեր չի գնալու: Հիմա դուք ինչո՞ւ եք զարմանում, որ վարչապետի ուղերձի անհաջող կադրերն էդ մարդիկ սլիվ են տվել: Էդ մարդիկ մարտի մեկի կադրեր են կեղծել ու մեզ ներկայացրել որպես վերջին նառկամաններ: Նրանցից շատերը դեռ աշխատում են: Մի զարմացեք: Երբ ասում եք՝ կադրային ջարդ չի լինելու, լավ մտածեք դա ասելուց առաջ:

Բոլոր պետական օղակները սլիվեր են անում: Էլի գլխով եմ պատասխանատու ասածիս համար: Ու ինձ համար ոչ էնքան ցավալի է, որ ինֆո են տալիս նախկիններին, այլ հատկապես՝ դրսի ուժերին: Սրանից հետո, հույս ունեմ, որ մի քիչ գոնե լուրջ կմտածեք: Անգամ Լենինը, որի ժամանակ հեռուստատեսությունը մի սպիտակ սավան էր, հասկանում էր դրա արժեքը»: