ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան: Տեղեկությունը հրապարակել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։ Նա տեղեկացրել է, որ երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ»,-գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը խնդիրը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ Վիբորգից Մոսկվա, իսկ այնտեղից ապրիլի 12-ին նախատեսվող չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցով։

Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից տեղեկացրել են, որ հյուպատոսության ավտոմեքենայով երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղից ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները նրանց կճանապարհեն Հայաստան։

Համագործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։