«Առաջին լրատվական»-ը գրում է. 

Վարչապետի հետ առնչվող աղմկոտ տեսանյութի պատմությունից հետո պաշտոնից ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ հայտարարելով, որ կիսում է կատարվածի համար պատասխանատվությունը: Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնում Գրիգորյանի աշխատանքը հեղափոխությունից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել պարբերաբար, որպես դեռևս նախկին իշխանության շրջանում նշանակված պաշտոնյա: Հիշեցնենք, որ Գրիգորյանը Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվեց Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավար նշանակվելուց հետո:


Հեղափոխությունից հետո, ըստ այդմ, Գրիգորյանը մշտապես ասոցացվել է նախկին իշխանության հետ, թեև պետք է նկատել նաև, որ զուգահեռ էլ, նոր իշխանության ընդդիմախոսները Հանրայինին շարունակել են քննադատել արդեն նոր իշխանության խոսափող լինելու համար: Պետք է նկատել, որ այդ առումով, Հանրային հեռուստաընկերության հանդեպ վերաբերմունքը մշտապես և դեռևս երկար ժամանակ լինելու է տարբեր ծայրահեղությունների շրջանակում, ինչը բխում է Հայաստանում տարիներ ի վեր ձևավորված հանրային-քաղաքական մթնոլորտի թողած նստվածքից:

Փաստ է այն, որ Հանրային հեռուստաընկերությունն ընդամենը մի արտացոլում է Հայաստանում մեդիադաշտում էական բարեփոխումների անհրաժեշտության լայն խնդրի, որն իր տարբեր դրսևորումներն ունի նաև այլ թե՛ հեռուստաընկերությունների, թե՛ ռադիոընկերությունների, թե՛ թերթերի աշխատանքում, գրեթե ամենուր, ու նաև արտացոլումն է հանրային, պետական ինստիտուտների թերկայացման: Այդ իմաստով, աղմկոտ պատմությունը դարձավ պաշտոնանկության պատճառ, մինչդեռ հարցն օրակարգում է՝ իսկ ի՞նչ է փոխվելու Հանրային հեռուստաընկերության աշխատանքում, և մեդիադաշտում ընդհանրապես: Այն, որ կարող են այլևս չլինել վարչապետի մասնակցությամբ աղմկոտ պատմություններ, հնարավոր է՝ թեև փոքր-ինչ պարզունակ է հնչում հնարավոր կասկածը, թե այդ պատմությունը կարող էր որևէ կերպ պետք լինել Մարգարիտա Գրիգորյանին, այդուհանդերձ, ի՞նչ է փոխվելու հետո:



Ահա գլխավոր հարցը, որը սովորաբար, ավանդաբար Հայաստանում դուրս է մնում բոլոր աղմկոտ և ոչ աղմկոտ դրվագներից, ամեն ինչ կենտրոնացնելով անձերի վրա: Որովհետև, եթե մենք հանրայնորեն չկենտրոնանանք Հանրայինի գործունեության, կառավարման, ռազմավարության գլխավոր հարցերի վրա, մենք ունենալու ենք գործադիր տնօրենի կադրային նոր լուծում, որը դարձյալ լինելու է անձային, խմբային, կամ ինչն ավելի վատ կարող է լինել՝ «թայֆայական» շրջանակում: Դա կարող է լինել ամենավատը, երբ աղմկոտ պատմությանը հաջորդած զարգացումներից կարող են օգտվել շատերը, բայց նրանց թվում բացարձակապես չլինի հանրությունն ու պետությունը: