«Հայկական ժամանակ»-ը, հղում տալով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկություն է տարածել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից: Ըստ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով: «Հերյուրանք է և ակնհայտ սուտ»,- ԼՈՒՐԵՐ .com-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով տարածված տեղեկությանը, գրել է. «Սովորություն չունեմ և երբեք լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ չեմ գրել, ավելին՝ երբեք դատական հայցով հանդես չեմ եկել: Դա իմ տեսակը չէ, և այն անհեթեթությունը, որ գրել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը, դիտարկում եմ ՖԱՍ հրահանգի շրջանակում: Կարելի է հայհոյել, նույնիսկ տղայական ոճով «քֆուր դնել», բայց դրանք այլ որակների դեպքում է լինում, իսկ այդ դեպքում՝ ՖԱՍ և միայն՝ ՖԱՍ: Մարդ չդարձաք, հո զոռով չի»: «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն, ում ևս մեղադրում են կադրերի արտահոսքի մեջ, ևս հերքել է տարածված տեղեկությունը: Նա ֆեյսբուքյան իր էջում մեղադրել է այն լրատվամիջոցներին, որոնք առանց ճշտելու, զրպարտել են իրեն: «Այսօր մի հիմար իբր լուր է տարածվել, որում կա նաև իմ անունը։ Ցավում եմ, որ լրագրությունը հասցրել են այս մակարդակի, երբ նույնիսկ լրագրողական պարկեշտություն չեն ունեցել զանգահարել ու ճշտել լուրի իսկությունը։ Այս հարցին ու ընդհանրապես արտահոսք կոչված այդ հիմարությանը կանդրադառնամ իմ երեկոյան «Անկեղծ ասած» ծրագրում»-գրել է նա։