ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Նա ասել է, որ այս 2 տարիների ընթացքում ՀՀ կառավարութունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել են առավել թափանցիկ և դիրքորոշումներն արտահայտել են պարզ ձևով:

«Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Քի Ուեսթից մինչև վերջերս: Խոսվել է նաև այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը այս 2 տարվա ընթացքում: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 և 2016 թվականներին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ: 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- ասաց Մնացականյանը:

Ըստ նախարարի՝ հայկական երկու հանրապետությունների համար ընդգծված առաջնահերթություն է անվտանգության բաղադրիչը: Ինչ վերաբերում է տարածքներին, որի մասին խոսվել է հայտարարության մեջ, նախարարի խոսքով՝ դա անվտանգային գոտի է:
«Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ բանակցային գործընթացում հայկական կողմի համար առաջնային գերակա տարր է նաև ինքնորոշման իրավունքի հարցը:
«Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում էր ստատուսի հստակեցում: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում»:
ԱԳՆ ղեկավարը նկատեց, որ փոխզիջումները պետք է լինեն համաչափ: Նախարարը պնդեց, որ խորապես սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ հայկական կողմը կարող է բանակցային սեղանի շուրջ մի բան անել, իսկ հասարակության մոտ այլ բան խոսել: