Հանրային հեռուստաընկերությունում արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է: Պատճառը վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերի արտահոսքն էր, որին հաջորդեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարաիտա Գրիգորյանի հրաժարականը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք էր հայտնել ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված հրաժարական տվեց։

Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

«Առաջին Լուրերի» տեղեկություններով Պետրոս Ղազարյանը կշարունակի աշխատել Հանրային հեռուստաընկերությունում ոչ թե լրատվական ծառայության տնօրեն, այլ միայն հաղորդավար:

Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար: