Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Մասնակիցները քննարկել են տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը:

Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն: