«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԱԾ -Ն 2019 թվականին կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին` կաշառքի գործով, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվեց եւ գործը ուղարկվեց ՀՔԾ: ՀՔԾ-ն այս քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործն ուղարկել դատարան:

Ըստ ՀՔԾ-ի, Լյովա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ․ մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Կոշ»ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, այդ հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին անգործություն է դրսեւորել, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված՝ զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաև քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է 700,000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Նշենք, որ Հայկ Կարապետյանին, Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Լյովա Բաղդասարյանին կաշառք տալու համար:

Նշենք նաև, որ մինչ օրս Բաղադասարյանը չի ընդունում մեղադրանքը:

Հավելենք, որ գործը քննելու է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի եղբայրը՝ Դավիթ Բալայանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում