Այսօր՝ ապրիլի 23-ին, լրացավ երկրորդ տարին, ինչ ժողովուրդը ցնծությամբ, եռագույն դրոշներով դուրս գալով փողոց, հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որն իր տասնամյա պաշտոնավարումից հետո պատրաստվում էր կրկին մնալ իշխանության, այս անգամ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում։ Սերժ Սարգսյանի պլանները ձախողվեցին օրեր շարունակ տևող հասարակական ուժգին դիմակայության պատճառով, և նա, արտասանելով իր՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» խոսքերը, հրաժարական տվեց։


Երկու տարվա ընթացքում նախկին ռեժիմը դիմել է, առ այսօր էլ շարունակում է դիմել տարբեր քայլերի, որպեսզի տապալի ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, վարչապետին և վերադառնա իշխանության։

Վերջին օրերին մի քանի իրադարձություններ՝ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԱԺ-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողովի նիստին, ԶԼՄ-ներին հարցազրույց տալը, մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ նա ԱԱԾ մեկուսարանում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ՀՀ վարչապետի հեռուստատեսաուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերի՝ համացանցում հայտնվելը, որոնցում նա երբեմն հազում և ջուր է խմում, կորոնավիրուսի հետ կապված սոցիալական բունտի, տնտեսական կոլապսի և, ըստ այդմ, իշխանությունների սպասվող հրաժարականի մասին նախկին ռեժիմին աջակցող մամուլում արվող կանխատեսումները ռևանշի, հեղաշրջման փորձերի մասին հերթական մտահոգությունների առիթ են տալիս։

Կա՞ն, արդյոք, ռևանշի և հակահեղափոխության նախադրյալներ Հայաստանում։

ԽՍՀՄ օրոք այլախոհ, 1990-95թթ․Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Հայաստանում հակահեղափոխությունն ու ռևանշիզմը բացառված են, որովհետև Հանրապետական կուսակցությունը և իր դաշնակիցներն ունեին հատուկ առաքելություն՝ վերականգնել նախկին Սովետական միությունը, Հայաստանը դարձնել նորից ռուսական իմպերիայի գաղութը։

«Այդ ծրագրի համար նրանք ընտրվել էին, աճեցվել էին, և դա արեցին։ Այսինքն՝ նրանք այլ առաքելություն չունեին, կարող էին Հայաստանը ծնկի բերել, ինչը և արել են։ Իրենց ֆունկցիան արդեն ավարտվել է։ Ես կարող եմ ասել, որ շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց իր դրածոների՝ գավառական գործիչների համար։ Նա ասաց, որ մրցակցության պայմաններում, երբ Արևմուտքը չի ցանկանում տեսնել իրեն մրցակից այլ տնտեսական, քաղաքական միավորում՝ ՌԴ-ի ղեկավարությամբ, մենք այդ ծրագրից հրաժարվում ենք։ Յուրայիններին, ԵԱՏՄ-ի դաշնակիցներին նա կոչ արեց, ասաց, որ մի՛ վախեցեք Ռուսաստանից, Ռուսաստանը չի ցանկանում վերականգնել Սովետական միությունը։ Մենք այդ ծրագիրը չենք ուզում վերականգնել։ ԵԱՏՄ-ն, Մաքսային միությունը Սովետական միության վերականգնման ծրագիր չեն, մոռացե՛ք ձեր ֆոբիաները։ Առաջին անգամ Պուտինն օգտագործեց «սովետական իմպերիա» եզրույթը։ Եվրասիական միությունը դրսի ուժերի հարվածների պատճառով չի կայանում, ԱՄՆ-ի, Եվրամիության, Չինաստանի ֆինանսական, սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային հալածանքների՝ պատժամիջոցների պատճառով։ Երկրորդը՝ այդ պետությունների ժողովուրդները ֆոբիա ունեն ռուսական իմպերիայից։ Այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը օրերս իր բունկերից, որտեղ թաքնվել էր ինքը ոչ միայն կորոնավիրուսից, այլև պատասխանատվությունից։ Եվ ՀՀԿ-ն ու մյուս եվրասիացիները տեղում ռեսուրս չունեն։ Երկու տարի առաջ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրենց նվաստացումը ցույց է տալիս, թե ինչ են իրենք իրենցից ներկայացնում։ Հայ ժողովուրդը նրանց վտարել է, վռնդել է։ Դրսից պատվիրատուն ուժասպառ է, չի կարողանում ռևանշիստներին բերել իշխանության սվինների վրա։ Հիմա իշխանության նկատմամբ կա գավառական քննադատություն, այն մակարդակի քննադատություն, որ երբ մարդը տեսագրության ժամանակ հազում կամ ջուր է խմում, դա դարձնում են քաղաքական ակցիայի պատճառ։ Դա նշանակում է, որ իրենք ինչքան թույլ են, անզոր են, անհեռատես, որ այդ տեսագրությունն են դարձնում քաղաքական ակցիայի պատճառ։ Ռևանշի և հակահեղափոխության հնարավորություն չկա։ Այլ խնդիր է, որ Հայաստանին պետք է քաղաքական ծրագիր ունեցող ընդդիմություն։ Կա՞ արդյոք այլընտրանքային լիդեր՝ իր ծրագրով։ Այս պահին ՀՀ-ում չկա քաղաքական գործիչ, որը հավակնում է առաջինը լինել, ունի այլընտրանքային ծրագիր և համախոհներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը։

Իսկ ինչո՞վ կարող ենք բացատրել այն հանգամանքը, որ ամիսներ առաջ պաշտոնանկ արված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը կուսակցություն է ստեղծում և ակտիվ պայքար մղում իշխանությունների դեմ։ Որքանո՞վ նրա պայքարը կարող է կրել քաղաքական բնույթ։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ ռևանշիստներն իրենց խաղադրույքը դրել են ԱԱԾ պաշտոնանկ արված պետի վրա, որը նաև ահռելի տեղեկատվության է տիրապետում։ Նկատեցինք, որ Արթուր Վանեցյանն իր պաշտոնավարման շրջանում հարուցած քրեական գործերից ոչ մեկն ավարտին չի հասցրել։

Ազատ Արշակյանը հիշեցնում է, որ անկախ Հայաստանում կուսակցություններ են ստեղծել և քաղաքականություն են մուտք գործել ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Գառնիկ Մարգարյանը, Գառնիկ Իսագուլյանը, Դավիթ Շահնազարյանը, Գուրգեն Եղիազարյանը, լուսահոգի Էդուարդ Սիմոնյանը։

«Դատապարտելի չէ, որ ԱԱԾ նախկին պաշտոնյաները մուտք են գործում քաղաքականություն, այլ խնդիր է, թե ինչ ծրագրով, նպատակներով են մտնում քաղաքականություն։ Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն նրանք և ինչ հավակնություններ։ Ուզո՞ւմ են նրանք երկիրը ղեկավարել և հասնել այն նպատակին, որը դրել են իրենց առջև։ Ես կարծում եմ, որ վերը թվարկած գործիչներն այդպիսի հայտ չեն ներկայացրել։ Քանի դեռ չկան այլընտրանքային ծրագիր և խարիզմատիկ, վստահություն ներշնչող գործիչ, մենք իշխանափոխության ներկայացմանը չենք կարող մասնակցել»,- ասաց Ազատ Արշակյանը։