ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների
չեզոքացման 14-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել բարձրագույն և
հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում
սովորող ՀՀ քաղաքացիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս
միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական
հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի
պատճառով բուհից դուրս չի մնա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ
միջոցառումն ուղղված է շահառուների երեք հիմնական խմբի:

1.Ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում

Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և
կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին
որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ.
ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի,
կստանան 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի
100% փոխհատուցում: Ընդ որում, եթե սովորողը մասնակի կամ ամբողջությամբ
վճարել է 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը,
ապա վճարած գումարը վերադարձվում է ուսանողին` եթե վճարողը ֆիզիկական անձ
է:

2.Ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում

Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և
կլինիկական օրդինատուրայի ոչ ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին
որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ.
ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի,
կստանան ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում:

Այն սովորողները, որոնք 2019-2020 թթ. ուսումնական տարում պետությունից
արդեն ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, 14-րդ միջոցառման
շրջանակում կստանան կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100
տոկոսը: Իսկ այն ուսանողները, որոնք արդեն մասնակի կամ ամբողջությամբ
վճարել են 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման
վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակ(ներ)ի
ուսման վարձի վճարում։

Եթե սովորողների 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման
վարձը վճարել են հովանավոր կազմակերպությունները, ապա գումարի տնօրինման
հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան
կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։

3. Ուսանողական վարկեր

Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի,
մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա վճարովի
համակարգում սովորողները կստանան արտոնյալ, այդ թվում` անտոկոս ուսանողական
վարկեր: Այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև
2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է
առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս, 2020 թվականի մայիսի 1-ից մինչև
2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ուսանողական
վարկ կստանան 0 տոկոսով: Նրանց համար վարկի բանկային տոկոսադրույքն
ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը ։ Իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ
ունեցողների համար նույն ժամանակահատվածում վարկերի տոկոսները պետությունը
կփոխհատուցի 5 տոկոսով, արդյունքում ուսանողը վարկ կստանա 4 տոկոսով:

Նախկինում բարձր ՄՈԳ ունեցող սովորողները վարկ կարող էին ստանալ 6, իսկ
մնացածները` 7 տոկոսով, քանի որ վարկային տոկոսների սուբսիդավարումը,
համաձայն 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման կազմում էր բարձր մՈԳ
ունեցողների համար համապատասխանաբար 3, մյուսների համար 2 տոկոս: Նոր
տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում, այսինքն` 2020 թվականի
մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարկերի
տոկոսադրույքների սուբսիդավորման նախկին պայմանները չեն գործելու:

ԿԲ նախագահը ՀՀ վարչապետին զեկուցել է, որ պարզեցվել և հեշտացվել է նաև
վարկերի տրամադրման գործընթացը: Ուսանողական վարկերի մայր գումարի վճարումը
սկսվում է ուսումն ավարտելուց հետո` բարձր ՄՈԳ ունեցողների դեպքում
ավարտելուց մեկ տարի անց: