Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես ցեղասպանությունը վերապրածների շատ հետնորդներ, մենք էլ ժառանգել ենք մեր պատմությունը։

Երբ փոքր էինք, բոլոր ընտանեկան երեկույթների ժամանակ, հայրական տատիկս հավաքում էր թոռներին շուրջը և պատմում հոր՝ Ցրոնքցի Ֆերիկի անցած եղեռնական ճանապարհն ու արտասվում։
Տատիս արցունքներն էլ պարտավորեցրին, որպեսզի 2012 թվականի օգոստոսին առաջին ուխտս կատարեմ դեպի Մշո դաշտի Ցրոնք գյուղ։

Տատիկս ընդամենը 3 տարեկան էր, երբ ցեղասպանությունից հրաշքով փրկված հայրը՝ Ցրոնքցի գաղթական Ֆերոն, ռազմաճակատ գնաց, երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ցավոք՝ անվերադարձ։ Տատիկիս մեծ եղբայրը՝ Պանդուխտը, ով նույպես երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր, հոր պատմածով, գրի է առել Ֆերիկի անցած դժոխային ճանապարհը, որից մի հատված ներկայացնում եմ ձեզ։

«Հորս Ծնունդը»

«Հազար ութ հարյուր ինսունվեց թվականն էր։ Ցրոնքցի Ներսեսի բազմանդամ ընտանիքում, նրա նահապետական օջախում մեծ ուրախություն էր։ Եկել հավաքվել էին Պետե Խչոենց (Պետրոսյան Խաչատուր) ողջ ազգատոհմը, գյուղի մեծամեծ անվանի մարդիկ, դուռ ու դրկից, քավոր սաներ։ Եկել էին գյուղից դուրս Ներսեսի խնամի բարեկամները, մարդու ճամփած աղջիկները, Ներսեսի փեսաները և թոռները:
Հասակավոր կանայք իրենց հարսն ու աղջիկը առած տեղավորվել էին հացատան թոնրաշուրջը փռած սուփրա-սեղանի շուրջը, իսկ տղամարդիկ դուրսը պարսպապատ ընդարձակ սալհատակ բակի շուրջը բոլոր ուտելիք ու խմելիքից ծանրաբեռնված սուփրա-սեղանի շուրջը: Նստած էին բոլորը ծալապատիկ գորգերի, թաղյակների, կարպետների, խսիրների վրա, կարգով ու շարքով: Տեղի ադաթների համաձայն, ամենավեր կնքավոր կողքին արքայավայել փառավոր բազմել էր ծխատեր քահանա Տեր-Առաքելը, իրից կնոջ հետ կողք-կողքի։ Տեր-Առաքելը, շոյելով ալեհեր փարթամ միրուքը՝ իմի էր բերում մտքերը, կենաց բաժակաճառն սկսելու։
Պետե-Խչոյի տան ջահելները ոտքի վրա հետևում էին սեղանների որպիսությունը, որպեսզի ոչ մի բան չպակասի առանց այդ էլ ճոխ ու ծանրաբեռնված սեղաններից։ Բրուդե կարասներով, գավերով, մեղրաջրի պես վարար՝ Վանա ընտիր խաղողից պատրաստված պատվական անուշահամ կարմիր գինին, չամչից թորած պարզ ու վճիտ թունդ օղին։
Տեր-Առաքելի առաջարկությամբ տղամարդիկ հերթականությամբ ըստ տարիքի և դիրքի բարեմաղթում ու խմում էին այդ ախորժելի խմիչքը:
Սփռոցներից տաք-տաք բուրում էր գառան խորովածը, խաշլաման, թոնրի մեջ եփված քյուֆթան, շոգեխաշած մեղրագետի թարմ ձուկը ու Վանա տառեխը՝ նռան հատիկով համեմված։
Սեղան էր գալիս, ծալք-ծալք, թոնրից նոր ելած, ճերմակ լավաշը, մոթալի կանաչ պանիրը ու թարմ կանաչին՝ ցողը վրան։ Սեղանները զարդարում էին հազար ձևի նախշեր քաշած արևի պես կլոր, արևի պես վառ թոնրի քաղցր գաթան։ Սեղան էին մատուցում Սասնա սարի սնկի խորովածն ու տապական։
Շուշանը՝ Ներսեսի հոգատար հավատարիմ կողակիցը, ոչինչ չէր խնայում այդ սիրուն օրվա ուրախությունը ճոխ ու առատ տոնելու համար։
Սեղան էին բերում տնական անարատ մեղրը, մեղրաբլիթը, մեղրից էլ առավել քաղցր ու համեղ մանանան, աստծու տված անխնա բարիքը։
Սեղան էր բերվում ոչխարի թանձր մածունը՝ սերը երեսին, կովի դեղին կարագը, մեղրած, թթու դրած խավրծիլն ու կանկառը, թթու դրած սասնա շաղգամը, զոխն ու շուշանը։
Ներսեսի օջախը, հավաքված ազգ ու բարեկամը առիթ ունեին այդ մեծ ուրախությունը տոնելու, քեֆ անելու։ Իրականացել էր նրանց տարիների երազանքը։ Ներսեսի յոթ հասունացած, մի քանիսն էլ մարդու գնացած աղջիկ ունենալուց հետո, ծնվել էր ծխի անդրանիկ արու զավակը, նահապետական տան ծուխ ծխեցնողը ու տան ճրագը։
Տեր-Առաքելի առաջարկությամբ, օրհնում ու խմում էին նորամանուկ Ֆերիկի, արևշատության, աշխարհի խաղաղության կենացը։
Սեղանի շուրջ նստածները, լի քասաները խփելով Ներսեսի բաժակին, ջերմեռանդ բարեմաղթում էին ու խմում, ծորացող երգ ու նվագի տակ։
Թունդ էր գալիս սալահատակը, պարողների ռիթմի տակ։ Պարում էին շուրջպար բռնած, պարում էին գինովցած, պարում էին շիկացած, պարում էին իրար գրկած, ինչպես մի շունչ, մի հոգի։ Պարում էին Սասնա քոչարին, Մշո ծանդըր գյոնդը, շորորը։ Դհոլ-զուռնայի պարեղանակի տակ մեծահասակները պարում էին աղրուշտի, որոնց ձեռնափերի շփոցից թունդ էր գալիս պարսպապատ բակը, թունդ էր ելնում մարդկանց սրտերը։
Պարում էին գինովցած, կարոտ ու պապակ, կարծես սրտերը գուշակել էր, որ վերջին պարն են պարելու Մշո դաշտում։
Ներսեսը գինու գավաթը ձեռքում, համբուրելով Տեր-Առաքելի աջը, ի սրտե շնորհակալություն էր հայտնում բոլոր մասնակիցներից, որոնք իրենց ուրախ երգերով ու պարերով ջերմացնում էին Ներսեսի սիրտն ու օջախը։ Ու այդպես հոսում էր գինին՝ մեղրաձորից վարար, մեղրաջրից համեղ։
Բայց հայ շինականի բարի մաղթանքներն ու աղաչանքները չընկան Աստծու ականջը։ Այդ մեծ ուրախությունից մի փոքր անց, դեռ Ֆերիկը խանձարուրի մեջ էր, բռնկվում է 1896 թվականի հայկական (համիդյան) կոտորածը։
Ներսեսը իր միակ հույս ու ապավեն որդուն թաքցնելով խուրջինի աչքի մեջ, գցում է գրաստներից մեկի վրա, փախստական ժողովրդի հետ բարձրանում դեպի Սասուն, դեպի անառիկ լեռները։
Ջարդ ու թալանից հետո, ողջ մնացած ժողովրդի մի մասը գաղթում է ռուսա-Հայաստան ու աշխարհի տարբեր անկյուններ, իսկ մի մասն էլ նորից վերադառնում են իրենց այրված ու թալանված շեները, իրենց նահապետախան ծուխը։
Ժրաջան, աշխատասեր շինարար հայ ժողովուրդը նորից է տաքացնում իր թոնիրը, նորից է վեր բարձրացնում երդիկներից ծուխը։ Սերմնացանը նորից է սերմում, Մշո խանձված արտերը նորից կյանք առնում ու ծորում հոտաղ մաճկալի անուշ հորովելը։ Ներսեսն էլ, վերադառնալով շեն Ցրոնք, անցնում է խաղաղ աշխատանքի, ծիծեռնակի պես կարում ու կարկատում օջախի ավերակները, դուռն ու կտուրը։ Հայ շինականը, հաշտվելով եղածի հետ, նորից է սերմում, կալնում ու կալսում, զտում ու ամբարում։
Շուշանը վաղուց էր ուխտել, որ եթե արարիչը արու զավակ պարգևի, յոթ գարուն, յոթն անգամ փնջած գառով, խեր ու խեյրաթով, ոտաբոբիկ ուխտի գնա Մշո սուլթան սուրբ Կարապետի զորավոր վանքը։ Բաղձալի երազը դարձավ իրականություն։ Ներսեսի ընտանիքն էլ մյուս ուխտավորների հետ միասին գնում էին զորավոր սուրբ Կարապետի վանքը։

Ըխտացել եմ Սուրբ Կարապետ
Ոտքս բոբիկ ուխտ կերթամ,
Փնջած գառը առած ինձ հետ
Երդմակարոտ չմնամ։

Շուշանը, Ֆերիկի ձեռքը բռնած, վանքի պատերն էին համբուրում ու տեր աստծուց փրկություն աղերսում։ Ոչ մի աղքատ ու մուրացկան, ոչ մի անճար ու նեղյալ չէր թողնվում առանց ողորմության, առանց խեր ու խեյրաթի, առանց առատ բաժնի։
Վանքի պատերի տակ հավաքված, հազար տեղից եկած մատաղն էր եռում կաթսաների ու պուտուկների մեջ, թեժ կրակների վրա։ Հազարավոր ձեռքեր վերև կարկառած,աստծո փեշերից կախված, խնդրում էին հայ ազգին փրկություն, աշխարհին խաղաղություն։
Ու նորից էր շիկանում շուրջպարը, քոչարին, գյոնդն ու շորորը՝ վանքի շուրջ բոլորը։
Բայց ավա՜ղ ոչ մի բարձրյալ աստված, ոչ մի զորավոր վանք ու եկեղեցի, ոչ մի սուրբ մատյան, ոչ մի ծնկաչոք ջերմեռանդ աղոթք, ոչ ոք չօգնեց անզեն ու անպաշտպան հայ ժողովրդին, թուրքի սրից ու քրդի յաթաղանից։

1915 թվականի կանաչ գարուն։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար դարձավ սև գարուն, սև օր, մասսայական բնաջնջման օր, եղեռնի օր, սգի օր։ Գետերում ջրի տեղ արյուն հոսեցին, ամեն քար ու թուփ արյունով ներկվեցին։ Անխնա մորթեցին, այրեցին, առևանգեցին։ Թալանեցին, քանդեցին ու վառեցին շեներն ու քաղաքները։ Ծեր ու մանուկ, կին ու աղջիկ գերևարվեցին։ Անզեն ու անպաշտպան մի ժողովուրդ տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Սուրիո անապատները և այդ պատառ բեկորներն էլ սովից ու ծարավից հալվեցին ու մաշվեցին գաղթի ճանապարհներին, Դեր Զորի անապատներում կեր դառնալով բորենիներին ու գայլերին, օձ ու կարիճներին, ագռավներին ու անգղներին։ Նրանց ոսկորները մնաց արևի, անձրևի ու ձյան տակ, անթաղ ու անգերեզման։ Փրփրած Եփրատը արթուն կտրած, հազարավոր դիակներ առած իր փրփրած երախը, դեպի ծովը տարավ՝ դարձնելով շնաձկներին բաժին։ Անզեն ու անպաշտպան ժողովրդին լցրեցին գոմերն ու մարագները։ Այրեցին, ինչպես չորացած ծղոտը։ Գրչով հեշտ է գրել։ Մեկ ու կեսից երկու միլիոն ժողովուրդ մորթազերծ եղան մեծ ու զորեղ քրիստոնյա տերությունների աչքի առաջ, Անգլիայի ու Գերմանիայի անձնական շահի դրդմամբ։
Այդ մեծ կոտորածից մեծ բաժին ընկավ նաև Ներսեսի ընտանիքին, բացառությամբ երկու զավակներից։ Օջախի արու զավակ Ֆերիկից և աղջիկ Յաղութից, որը ամուսնացած էր Մշու դաշտի Հաբլբար (Ապըլպուհար) շենում, որի բնակչության մի փոքր մասը քրդեր էին։
Ամբողջ նահապետական ծուխը մարեց, պապով ու տատով, թոռով ու ծոռով։ Կոտորածից փրկված Ֆերիկը, հորեղբոր տղայի՝ Ազատի և մի քանի այլ հասակակիցների հետ, պոկվելով զինված քրդերի օղակից, դիմում են դեպի Սասնա անառիկ լեռները, դեպի քաջ Ֆեդայինները։ Քրդական հեծյալ հրոսակները, հետապնդելով փախստականներին, շուրջկալ են անում Հաբլբար (Ապըլպուհար) շենի մոտ, բռնում են ու բերում գյուղի մեյդանը, որպեսզի իրենց կանանց ու երեխաների ներկայությամբ կատարեն այդ ցուցադրական սպանդը։ Գյուղի երևելի աղաներից Աբդուլա աղան մոտենալով գերյալ տղաներին, հարցնում է նրանց ով և որտեղացի լինելը։ Պարզվում է, որ տղաները մոտակա Ցրոնք գյուղից են, Պետե Խչոյի տնից, որոնցից մեկը իր ծանոթ քիրվա Ներսեսի տղան է։ Ներսեսը, լինելով դեղագործ, ատամնաբույժ և սնղչի, հանրաճանաչ է եղել և մեծ հարգանք է վայելել քրդերի աշիրեթներում և բացի դրանից, Ներսեսի աղջիկներից մեկը՝ Յաղութը, ամուսնացած է եղել Հաբլբար (Ապըլպուհար) գյուղում, այդ իսկ պատճառով Աբդուլա աղան շատ մոտիկից ծանոթ է եղել Ներսեսի հետ։
Քուրդ աղան, կանխելով վերահաս վճռված դատաստանը, համոզում է շրջապատած քրդերին՝ բաց թողնել տղաներին, ասելով, որ քուրդն էլ ունի իր մարդասիրական օրենքները։ Թեկուզ թշնամի լինի տվյալ անձը, քուրդը իր օջախից ներս, կամ իր շեմը չի կեղտոտի հարամ արյունով, երկրորդն էլ՝ քուրդը կերած աղ ու հացը այնքան շուտ մոռացողը չէ։
Ներսեսը ասել է. «Աբդուլա աղան իմ աշիրեթի ու իմ տան մոտիկ մարդն է եղել»։ Ինչքան ատամնացավ ու անճար վերքեր են եղել, քիրվա Ներսեսի բարի ձեռքով է ճար եղել, դարմանվել անհախ ու անվարձ։ Աբդուլա աղան գերված տղաներին կյանք է պարգևում ու բաժանում մոտիկ ծխերին, որպես հոտաղ մշակ, իսկ Ֆերիկին վերցնում է իր տունը, իր հսկողության տակ, որպես հոտաղ տավարած։ Ֆերիկը անասնագոմի մի անկյունում թաղտ է կապում գիշերելու համար։ Հաշտվելով եղածի հետ, քաշում է իր առօրյա ծանր լուծը։ Մասսայական կոտորածից անցել էր մոտ մեկ շաբաթ։ Լռել էին հրազենի որոտները, մարել էին երկնահաս կրակի լեզուները, դադարել էին մեռնող ժողովրդի աղոթքի մրմունջները, ողբ ու լացի դառն հառաչանքները։ Իսպառ համրացել էին եկեղեցիների ամենօրյա ղողանջները, որոնք ոչ մի զորություն չունեցան, հավատացյալ քրիստոնյա հայ ժողովրդին հետ պահելու մասայական սպանդից։ Անուշահոտ Մշու դաշտը ապականվել էր նեխված դիակներից, հրդեհված մարագների շեների վրա մխացող լեշահոտից։ Ապականվել էին անարատ ջրերը, գետերն ու ջրհորները։ Վերջապես այնպիսի մի հզոր կախարդական հարված էր իջել այդ գեղեցիկ աշխարհի վրա, որ ամեն բան քարացել ու լռել էր ամենուր։
Ֆերիկը օգտվելով այդ մեռյալ լռությունից, անասունները արոտ է տանում իրենց գյուղի օրրան։ Անասունները պահ տալով ընկերներին, գաղտնի մտնում է Ցրոնք։
Բայց ին՞չ էր մնացել Մշո դաշտի ամենամեծ հայաբնակ գյուղից, ուր հաշվել էին ութից ինը հարյուր ծուխ, ուր մարդիկ ազգով են ճանաչել միմյանց։ Ու՞ր են տարել այդքան բնակչությանը։ Որտե՞ղ են կոտորել, որ ոչ մի կենդանի շունչ չի մնացել, բացի վայրենացած շներից ու կատուներից, որոնք ծվարած լեշի կտոր առած, թաքնվում էին շենքերի փլատակների տակ։ Ֆերիկը զգուշությամբ մտնում է իրենց պարսպապատ սալահատակ բակը, որտեղ, շեմքի վրա հանդիպում է ընկած հորը՝ Ներսեսին՝ սուրը ձեռքին, արյան լճի մեջ լերդացել, նեխվել դարձել էր մի հսկա զանգված։ Ընկել էր նահապետական ծխի կաղնին, ընկել էր հավերժ, իր շեմի վրա։ Ֆերիկը հոր հուղարկավորելը համարելով անհնարին, քարշ տալով հոր դիակը դեպի բակի անկյունը գտնվող ջրհորի մոտ, մեծ դժվարությամբ գցում է ջրհորը, արցունք թափում ու ընդմիշտ հեռանում հայրական օջախից։

Վերջին անգամ ազիզ մորս կարոտով
Եկա անցա մեր ավերված տան մոտով,
Հայրս էր ընկած, շեմը գրկած, քարացած
Սուրը ձեռքին, արյան լճում լերդացած։

Արյուն ու բոց տարածվել էր ամեն դին
Հորս հազիվ պահ տվեցի ջրհորին,
Ծնկի իջա ջրհորի մոտ քարացա,
Մի բուռ արցունք թափի վրեն ու անցա։

Ֆերիկը հորը ջրհորին պահ տալուց մի քանի օր հետո անասունները մոտեցնում է այն բարձունքին, որտեղ կատարվել էր մասսայական սպանդը։ Հազարավոր ծեր ու կանայք, հազարավոր մատղաշ երեխաներ, հազարավոր դեռատի աղջիկներ մերկացած ու այլանդակված, ընկած էին անձրևի ու արևի տակ։ Կոտորածից անցել էր մոտ տասն օր, այդ իսկ պատճառով ընկածները դարձել էին անճանաչելի։ Հալվել ու մաշվել, նեխվել ու գարշահոտել էին։
Ֆերիկը երկար փնտրելուց հետո, հազիվ է գտնում մորը։ Ճանաչելով հագի ծվեններից ու գրկի մատղաշ երեխայից, որոնք ընկած էին դեռ իրար գրկած։ Երեխան, աղջկա երեխան էր, որի ձեռափի մեջ կար ոսպի թառամած ծաղկի փունջը։ Համբուրելով մոր սառած դեմքը, մի քիչ հողով և սեզու քոլերով ծածկում է մոր դին և հեռանում, ուխտելով, որ մի օր գա, հուղարկավորի և չթողնի մոր գերեզմանը անտեր։

Աչքս արյուն բարձրացա Մշո սար
Ծիլ ու ծաղիկ թառամել էին դալկահար,
Արյան բոցից հրկիզվել էին սար ու քար
Մայր եմ փնտրում խելացնոր, խելագար։

Մորս գտա, ուշակորույս ընկա վար,
Թոռն գրկին ամուր սեղմած արնաշաղ,
Այրվում էին առանց շիրիմ, առանց քար
Մի տաք համբույր ու մի բուռ հող տվի շաղ։

Ծնկի իջա, մայր եմ կանչում ու ճչում
Անցավ գնաց, ինչպես գանձը երազում
Սիրտս մթնեց, օրս սևցավ, որբացա
Մայրական բույր առա մորս ու անցա։

Աբդուլա աղան շշուկներ է լսում Ֆերիկի Ցրոնք գնալու մասին, որ հաճախակի բացակայել է անասունի մոտից։ Կանչում է առանձին, զգուշացնում, որպեսզի Ֆերիկը չկատարի այդպիսի հանդուգն քայլ, բացատրելով. «Անասունի մոտ քեզ ոչ ոք ձեռք չի տա, հանուն աղայի պատվի։ Իսկ եթե հեռու լինես անասունի մոտից, ով հանդիպեց՝ թուրք թե քուրդ, քեզ անմիջապես կսպանի։ Կարող է դիտավորյալ քեզ խափեն, թե աղան կանչում է։ Չհեռանաս անասունի մոտից։ Իսկ եթե կարիք ստիպի, որ ես քեզ կանչեմ, իմ լամուկներին կուղարկեմ քո հետևից։
Անցնում է մի առ ժամանակ, իրիկնահովին նախիրը արոտից տուն դարձին, աղայի դռների առաջ Ֆերիկին գիրկն է առնում Յաղութը, Ֆերիկի քույրը, որ ամուսնացած էր տվյալ Հաբլբար (Ապըլպուհար) գյուղում։ Կորցնելով ամուսնուն ու ծխի բոլոր անդամներին, իր երկու մատղաշ տղաների հետ, շատերի նման բռնում է իր գաղթի ճանապարհը։ Յաղութը տիրապետելով, քրդական լեզվին, իր մոտ թաքցրած զարդերը տալով համագյուղացի քրդերին, կարողանում է գիշերը թաքնվել գյուղամերձ խոտի դեզի մեջ, իր երկու զավակների հետ միասին և մի երկու օր դուրս չի գալիս, մինչև քարավանը բավականին հեռանում է։ Յաղութը, որպես քրդուհի, ճանապարհին տարազափոխվում է և ետ վերադառնում դեպի Մուշ։ Ճանապարհին հանդիպում է ավերակ ու անմարդաբնակ շեների, մինչև որ հարևան քրդերից իմանում են Ֆերիկի մասին։ Ֆերիկը ունենալով իր վրա հովանավոր, նայող ու խնամող, մխիթարվում է եղածի հետ ու գոմի թախտը լայնացնում է միասին գիշերելու համար։ Անցնում են օրեր։ Այդ դառն օրերից մի օր, Աբդուլա աղայի մեծ տղան՝ Ռոստոմն է հայտնվում։ Ռոստոմը վերադառնում էր հայերի կոտորածից, ձին բարձած ավարով, հայ կնոջ զարդ ու զարդարանքներով, որը բերել էր նվեր, իր դեռատի կնոջ ու քույրերի համար։
Ռոստոմի դեռատի գեղեցկուհի կինը վազում է ընդառաջ, դեպի ամուսինը։ Ռոստոմը վեր գալով ձիուց, ողջագուրվում է կնոջ հետ և աչքի տակով նկատում է լվացքարար կնոջը։ Ճանաչելով Յաղութին, քանի որ իրենց հայ հարևանի կինն էր, անմիջապես ուսից վեր է առնում հրացանը և ուղղում անպաշտպան կնոջ՝ Յաղութի ուղղությամբ։ Յաղութը լինելով հաղթանդամ ու անվախ մի կին, անմիջապես վրա է հասնում և գիրկն առնում Ռոստոմի կնոջն ու ուղղում դեպի հրացանի փողը։ Այդ հարահրոցին աղան վրա է հասնում, կանխում տղային ու անպատվում՝ քրդական օրենքը ոտնահարելու համար։ Քանի որ տղեն իրավունք չուներ օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ շեմը կեղտոտել և օջախը անպատվել, մի հայ կնոջ համար։
Մի քանի օր հետո Ռոստոմը վրեժը հոգում, կոտրված սրտով, հորից նեղացած նորից է գնում, մեկնում սպանության ու թալանի։ Անցնում է սև գարունն ու ամառը։ Մոտենում էր Մշո ցրտաշունչ աշունը։ Տան ու տեղի տեր դարձած քոչվոր քրդերը տիրելով հայերի տուն ու ունեցվածքին, հայերի ձեռքով սերմած արտերի առատ բերքը ամբարները լցրեցին, կովի յուղը, ոչխարի պանիրը ծապերի մեջ լցրած, ամեն ինչով ապահովված՝ պատրաստվում էին ձմռանը։
Աբդուլա աղան էլ ամեն երեկո, տան գործերը դասավորած, գնում էր գյուղամեջ, գոմի օդա, որտեղ տաք բուխարիների կողքին, փափուկ օթոցների վրա նստում էին քուրդ բեկերն ու աղաները, մինչև ուշ գիշեր, պատմում էին առանձին-առանձին, իրենց կատարած թալանից, սպանություններից, առևանգումներից ու բռնաբարություններից։ Պատմում էին նաև հեքիաթներ՝ «Կառե-Քոլեից», «Մամե -Աշեից», «Մամե-Զիմեից»։
Աշնան այդ երեկոներից մի երեկո վերադառնում է Ռոստոմը։ Օգտվելով հոր բացակայությունից՝ ձգտում է ժամ առաջ իր վրեժը լուծել Յաղութից։ Ռոստոմը սուրը ձեռքին մտնում է գոմ, որպեսզի սպանի Ֆերիկին։ Յաղութը վեր ցատկելով տեղից, բռնում է Ռոստոմի դաստակը, ընկնում է ոտքերը, որ խնայի, ամբողջ գերդաստանից մնացած միակ ծիլը, միակ հույսն ու ապավենը։ Գործը վերջանում է դառը պայմանով։ Ռոստոմը եղբոր փոխարեն գառան պես մորթում է Յաղութի երկու մատղաշ տղաներին, գցում գոմի թրքոտ սալահատակին ու ուշ գիշերով հեռանում տնից։ Քույր ու եղբայր լուռ ու մունջ կրում են այդքան ողբերգության վրա գումարված այդ ծանր վիշտը։
Գալիս է առաջին ձյունը։ Սկսվում է Մշո դաշտի առատ ու ցրտաշունչ ձմեռը։ Թե տան և թե անասնանոցի գործերը կրկնակի ծանրանում են։ Մի նախիր անասուն, մի հոտ ոչխար ներսում խնամել, մի քանի հոտաղի համար, շատ էր ծանր։
Սկսվեցին լուրեր տարածվել, թե ռուսը ձեռք է պարզել՝ մնացած հայերի կյանքը փրկելու։ Մի օր էլ, ճրագվառոցից առաջ, աղայի ամբողջ գերդաստանը ոտքի վրա էր։ Ամբողջ գիշեր օջախների վրա եռ էր գալիս փրփթում ոչխարի թարմ մսի խաշլաման, թոնիրների տաք շրթից պոկած լավաշն ու գաթան, որոնք անմիջապես տեղավորվում էին խուրջինների մեջ, բարձում, կապոտում գրաստների վրա։
Աբդուլա աղան կանչում է Յաղութին ու Ֆերիկին իր օդան և հայտնում նորույթը. «Ռուսական զորքը մտել է Մշո դաշտ և անխնա վրեժառությամբ գալիս է առաջ, դեպի մեր կողմերը։ Մենք այստեղ մնալու այլևս միտք չունենք, պետք է մինչև լուսաբաց շենը դատարկենք ու հեռանանք։ Պարզ է, այս եղանակին հնարավոր չէ այսքան տավարն ու ոչխարը գոմից հանել ու հետներս տանել։ Թողնում ենք ձեր բարի խնամքի տակ։ Թե աստված հաջողեց նորից հետ եկանք, նորից կապրենք միասին և ես կհոգամ ձեր կյանքի ապահովությունը։ Իսկ եթե որ չեկանք, ձեր մալի պես հալալ ու զուլալ վայելեք»:
Լուսադեմին ամբողջ գյուղը դատարկվեց՝ բռնելով գաղթի ճամփեն, դեպի քրդստան։ Գյուղը՝ Հաբլբարը (Ապըլպուհար) մնաց մի քանի հայ հոտաղ մշակի խնամքի տակ։ Տղաներից տարեցը՝ Լևոնը, հավաքելով տղաներին շուրջը, հայտնում է, որ անմտություն է գյուղում մենակ մնալը և շատ վտանգավոր։ Հարկավոր է շտապ հեռանալ ու միանալ ռուսական զորքին։ Յաղութը մի տաշտ խմոր է հունցում, հաց թխում ճանապարհի համար։ Տղաներն էլ անասուն են մորթում, խաշլամա ու խորոված են պատրաստում ճանապարհի համար և լցնում պարկերը։ Խումբը ճանապարհ է ընկնում գիշերով։ Մի քանի գիշեր գնալով և ցերեկները թաքնվելով, մրսած ու ցրտահարված, մի կերպ մոտենում են ռուսական զորամասին, որտեղ նրանց ընդունում են գրկաբաց և հոգում նրանց բոլոր կարիքները։ Մի փոքր հանգստից ու կազդուրվելուց հետո, հագուստով ու սննդամթերքով ապահովված գաղթականներին ուղարկում են թիկունք, դեպի Խնուս:

Խնուսից տեղափոխվում են Կարս, որտեղից էլ Ախուրյան գետն անցնելով հաստատվում են Ախուրյանի ափին գտնվող Ջրափի գյուղում»:

Լուսանկարում տատիկիս ծնողներն են՝ Ցրոնքցի Ֆերոն և իր կինը՝ կարսեցի Թագուհին»: