ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է 2020թ․ ապրիլի 24-ի միջոցառումներին։

Նա նշել է, որ հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ չնայած արտակարգ պայմաններին՝ հաջողվել է բարձր մակարդակով կազմակերպել ոգեկոչման արարողությունները:

«Երբ մենք ներողություն խնդրելով՝ հայտնեցինք, որ պետք է փակենք Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները, շատ կանխատեսելի շրջանակներից եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, որ էս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է հուշահամալիրը, որ մոռացության մատնի ցեղասպանության պատմությունը և այլն. այսպիսի անհեթեթություններ: Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և այո՛ հակադրեցինք այդ ընկալումն այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ. ժամանակին ոմանք չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»,- ասել է վարչապետը: