Ապրիլի 27-ից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության շրջանակներում երկրում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը:

Այսպիսով, այսօրվանից, պարետային ժամի ավարտից հետո, Վրաստանի ամբողջ տարածքում կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Իսկ վաղվանից կթույլատրվի տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը:

Հարկ է նշել նաև, որ ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: Կառավարության հայտարարությամբ` Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքները 2 օրվա ընթացքում բաց կլինեն այն մարդկանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրերը: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի:

Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը, հայտնում է aliq.ge-ն։