Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2019-2020 թթ․ ուսումնական տարվա ավարտին իրականացվելիք վերջին զանգի արարողությունը կհետաձգվի անորոշ ժամանակով։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես գիտեմ, որ բոլոր աշակերտների կյանքում վերջին զանգի արարողությունը շատ կարևոր է, քանի որ կյանքի մի էջ փակվում է, մեկ ուրիշը՝ բացվում։ Չնայած այս ամենին, չպետք է մոռանանք, որ ունենք համավարակի տարածման խնդիր և երիտասարդների, պատանիների մոտ վարակը հիմնականում լինում է առանց ախտանշանների։ Պետք է հասկանանք, որ մեծ միջոցառումներ իրականացնելու դեպքում հնարավոր է հիվանդությունը տարածվի, և վարակվեն ընտանիքի անդամները, ովքեր կարող են ունենալ քրոնիկական հիվանդություններ»,- նշեց Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին, և գործող սահմանափակումները կվերացվեն:


«Մենք միասին կորոշենք որևէ օր ու վերջին զանգի արարողությունները կիրականացնենք: Նախարարություններն ու պաշտոնյաներն էլ ձեզ հետ կմասնակցեն»,- ասացԿԳՄՍ նախարարը: