«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանը հետաձգեց Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։ Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելուն։ Եվ այսօր պետք է բանավոր ընթացակարգով սկսվեր գործի դատաքննությունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրը տեղափոխվել է և կկայանա հունիսի 16-ին։ Որրպես հիմնավորում ՍԴ- ն նշում է, թե լրացուցիչ ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն կա։

Նշենք, որ այս նախագծերը խորհրդարանի կողմից ընդունվել էին դեռ հունվարի 22-ին, սակայն կարգավորումներում ՀՀ նախագահն ըստ էության խնդիրներ է տեսել։ Նշենք, որ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ:

Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։ Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։

Նկատենք, որ չնայած այս դիմումի առկայությանը, խորհրդարանում քննարկվում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը, որն իր մեջ եւս նման կարգավորումներ է պարունակում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում