NEWS.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր՝ ապրիլի 28-ի հնչած կրակոցների հետեւանքով 2 քաղաքացու սպանությունից հետո Գավառում իրավիճակը կտրուկ լարվել է։ Սպանվածներից մեկի՝ ռազմական ոստիկանության քննիչի հարազատները մտել են Գավառի հիվանդանոց եւ հրազենային վիրավորում ստացածներից 2-ի կոկորդը կտրել։

Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Armlur.am-ի տեղեկություններով՝ երկուսն էլ մահացել են։

Դեպքի վայրում աշխատող քննչական խմբին օգնելու համար Երեւանից աշխատանքային խումբ է մեկնել։ Վերահսկողությունից դուրս եկած իրավիճակը կառավարելու նպատակով Գավառ է մեկնել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Մեր տեղեկություններով՝ հիվանդանոցում այնպիսի իրավիճակ է, որ քննիչներն նույնիսկ քննիչները չեն կարողանում մուտք գործել։

Armlur.am-ի տեղեկություններով՝ քաղաքացիները երկաթյա ձողերով մտել են հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։

Ձողերով եւ դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ այսօր Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Նորատուս համայնքից է՝ «Նորատուսցի արջ» մականունով, մյուսը՝ ռազմական ոստիկանության քննիչ։

Միաժամանակ Armlur.am-ը հաղորդում է, թե ինչպես է տեղի ունեցել վեճը. Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ երկու մեքենա ուղեկցել են զոհերի մեքենան, ապա՝ կանգնեցրել են ու կրակահերթ բացել։ Հանցագործության զոհ է դարձել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ՝ 1989թ. ծնված Զոհրաբ Անուշավանի Պարոնիկյանը, մյուս սպանվածը նրա փեսան է։ Հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու եւ ավելի անձանց սպանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով։