Պարզվում է՝ Հայաստանում կա մի ոլորտ, որի վրա չարաբաստիկ կորոնավիրուսը ոնց որ թե ազդեցություն չի գործել։ Ամեն դեպքում նման հետեւություն կարելի է անել Հայաստանի պետական անշարժ գույքի կադաստրի պաշտոնական տվյալներից, մասնավորապես՝ մայրաքաղաքում բնակարանների շուկայական գներից։

Անցյալ տարի Երեւանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը մարտին, փետրվարի համեմատ, չնչին (0,3%-ով) աճ է գրանցել։ Սակայն այս տարի իրավիճակը եղել է լրիվ հակառակը՝ 16% անկում, ինչը պայմանավորված է եղել գնորդների քանակի նվազմամբ։

Կարանտինը Հայաստանում պաշտոնապես մտցվել է մարտի 16-ից, չնայած շատերը, իրազեկված լինելով վարակի մասին, մինչ այդ արդեն ինքնամեկուսացվել էին։ Այդ հանգամանքը, ըստ մայրաքաղաքում աշխատող միջնորդներից մեկի, լրջորեն ազդել է աշխատանքի ռեժիմի վրա։ Նրա խոսքերով՝ ներկայում կան ե՛ւ վաճառողներ, ե՛ւ գնորդներ, բայց նրանք խնդրում են բնակարանների դիտումը եւ գործարքների ձեւակերպումը հետաձգել մինչեւ կարանտինի ավարտը։

Հայտնի է, որ վաճառողների եւ գնորդների բանակցությունները կարող են օրեր տեւել։ Այդ իսկ պատճառով փետրվարին կայացած բանակցությունների մի մասը ձեւակերպվել են մարտին։ Սա է պատճառը, որ մարտին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի կտրուկ անկում չի արձանագրվել։ Կարելի է կանխատեսել, որ նման կտրուկ անկում կգրանցվի ապրիլին։

Եվ այսպես՝ մարտին Երեւանի անխտիր բոլոր շրջաններում բնակարանների 1 քառ․ մետրի շուկայական միջին արժեքը կորոնավիրուսի ֆոնին գրանցել է աճ։ Ճիշտ է սիմվոլիկ աճ (1%-ից քիչ), բայց աճ։ Սակայն Հայաստանում արտարժույթի փոխարժեքը բերել է իր աղդեցությունը։

Մարտին ԱՄՆ դոլարի միջին ամսական կուրսը, փետրվարի համեմատ, աճել է 2,2%-ով։ Դա զգալիորեն ավել է բնակարանների գնի աճի տեմպից։ Արդյունքում մայրաքաղաքի բնակարանների 1 քառակուսու գինը ԱՄՆ դոլարով մարտին, փետրվարի համեմատ, նվազել է (տես աղյուսակը)։