Գավառում նախօրեին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած «Նորատուսցի արջ» մականունով հայտնի Վահե Ավետիսյանը 33 տարեկան էր, պատրաստվում էր ամուսնանալ, իսկ նույն փոխհրաձգության հետեւանքով մյուս սպանվածը՝ քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը, 2 մանկահասակ երեխա ուներ։ Այս մասին  պատմում են սպանվածների բարեկամները։

«Գյուղում սուգ է, ամբողջ մարզը շոկի մեջ է։ Վահեն նոր էր եկել Ղազախստանից, խելոք աշխատող տղա էր, պիտի նշանվեր։ Ոնց կորոնավիրուսը կար, չէր կարողանում դուրս գալ երկրից։ Համեստ տղա էր, աշխատասեր։ Ամուսնացած 2 մեծ եղբայր ուներ, եղբայրներից մեկին այս պահին տարել են ոստիկանություն, ինչքանով տեղյակ եմ՝ եղբոր վրա գործ կա հարուցած։ Բոլոր տեղերում էլ կռիվ լինում է, բայց այս տեսակի կռիվ չէր եղել։ Զենքով կռիվ անե՞ն։ Ինչքան գիտեմ՝ Վահեն ու Զոհրաբը մտերիմ ընկերներ են եղել»,- պատմում է բարեկամը։

Անդրադառնալով կրակոցներին հաջորդած դեպքին, երբ, մարզպետի խոսքով, Նորատուս համայնքի մոտ 500 բնակիչներ մտել են Գավառի հիվանդանոց, նա ասաց. «Մեր գյուղում կա մի բան, եթե լսում ենք, որ գյուղացին խնդիր ունի, հավաքվում գնում են այնտեղ, ներկա ենք լինում, մեկը ծանոթ է լինում, մեկը՝ բարեկամ, մյուսը՝ հարեւան։ Համախմբված ենք միշտ»։

NEWS.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Զոհրաբ Պարոնիկյանի երեխաներից մեկը մի քանի ամսական է, նրա ընտանիքն Գավառ քաղաքում։

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Զոհրաբ Պարոնիկյանը 2013-2014 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես քրեագետ. 2014 թվականից ծառայության է անցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 5-րդ կայազորում: Նա 1-ին դասի խորհրդական էր:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, եւ դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլեւ ձերբակալել հանցագործությունը կատարողներին։ Ոստիկանությունը մյուս կողմից հայտարարում է, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։ Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Երեւան, նրանցից մեկի վիճակը մեր տեղեկություններով միջին ծանրության է, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ այս պահի դրությամբ ձերբակալվել է 15 քաղաքացի, հարուցված քրեական գործերը միացվել են եւ քննվելու են մեկ վարույթում։