Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն այդպիսի որոշում է կայացրել դռնփակ նիստի ժամանակ՝ ամփոփելով արդյունքները, իսկ արդեն մայիսի 5-ին գումարվող ԱԺ հերթական նստաշրջանին այդ հարցը եւս կքննարկվի։

Նշենք, որ յուրաքանչյուր քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետ կարելի է երկարաձգել միայն մեկ անգամ, որից հետո պետք է արդեն զեկույց ներկայացնել արդյունքների մասին։

Նկատենք, որ գոյության այս ամիսների ընթացքում հանձնաժողովը միայն երկու նիստ է անցկացրել։ Ամեն դեպքում ԱԺ պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին խոսում։

Ընդ որում, հունվարի 24-ին աշխատակարգ են սահմանել, մարտի 2-ին քննարկել պաշտոնյաների հրավիրման հարց, իսկ երեկ էլ հավաքվել, որոշել երկարացնել գործողության ժամկետը։ Եվ արձանագրության մեջ հանդիպում ենք այսպիսի արտահայտության․ «աշխատանքի բաշխում՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»: Ստացվում է՝ իրենք եւս ընդունում են, որ անարդյունավետ է եղել այս ամիսների աշխատանքը։

Հավելենք, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում