Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառված չէ, որ փոխվարչապետը հրաժարական չտա, չազատվի պաշտոնից և մնա իշխանությունում: Բացառված չէ նաև, որ լուրի վաղաժամ հայտնվելու արդյունքում Փաշինյանը կասեցնի գործընթացը: Գոնե ժամանակավորապես:

Բայց, այնուամենայնիվ, եթե պարոն պարետ, պարոն փոխվարչապետ, պարոն Տիգրան, պարոն Ավինյանի հրաժարական-ազատման մասին տեղեկատվությունն իրականություն դառնա` այդ հանգամանքին պետք կլինի զգուշությամբ մոտենալ:

Ընդդիմության դաշտում այսօր չորս ուժեր կան միայն.

1. Նախկին ռեժիմն ու դրան մաս կազմած մի խումբ ուժեր, որոնք բոլորն էլ իրականում ընդդիմություն չեն, այլ` նախկիններ,

2. Խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը` ԼՀԿ-ն,

3. Ամենաիսկական ընդդիմադիր և նախկիններով չաղտոտված ազգային ուժերը` բաղկացած մեկ կուսակցությունից և ապակուսակցական ու անկախ մի խումբ անհատ անձանցից, որոնց ընդհանուր համակիրների շարքերը ժամանակին համընթաց աճում են,

4. Չեզոք և նորերի որակից ու անգործությունից դժգոհ ամենատարբեր խմբերի հասարակ քաղաքացիների մի շերտ, որ գնալով մեծանում է:

Առաջին խմբին Փաշինյանն է քաղաքականապես կենդանի թողել` երրորդ խմբին չեզոքացնելու համար: Մշտապես հարվածի սլաքներն ուղղել է նրանց վրա` ցույց տալու համար, որ նրանք շարունակում են սպառնալիք մնալ և վերադարձը կանխելու համար անհրաժեշտ է սատարել իրեն: Այդ սատարումն իրականում Փաշինյանին անհրաժեշտ է երրորդ խմբի դեմ պայքարելիս, որպեսզի սատարողներին բացատրի, որ եթե ինքը հեռանա, նախկինները կվերադառնան:

Երկրորդ խմբի դեմ պայքար է տարվում բավական լայն ճակատով: Այս ուժն իր գործունեության ընթացքում քաղաքական թշնամիների լայն շերտեր է ձեռք բերել և գործում է գրեթե մեկուսի` դրանով դառնալով պակաս արդյունավետ:

Չորրորդ խումբն անկազմակերպ է և կարող է տրոհվել երկու մասի` նախկիններին վերասատարել սկսողների (ԼՏՊ-ի վերասատարման ֆենոմենը միայն Հայաստանում չէ, որ տեղի է ունեցել) և երրորդ խմբին միացողների: Բայց դա կազմակերպված ուժ չէ, այլ` երկու հակադիր ճամբարներին հավելյալ հոսանք հաղորդող էներգիա:

Սրանով Փաշինյանի համար իրական ամենավտանգավոր խումբը հենց երրորդն է: Անկախ, չաղտոտված և ազգային թևը, որի հասարակական պահանջարկն այս անկումային և խոշոր ձախողումների փուլում առավել մեծանալու է: Այդպես է եղել ամենուր, այդպես է աշխարհում այսօր, այդպես կլինի Հայաստանում:

Հակադրվելու համար դրան Փաշինյանը կարող է ձեռնարկել սեփական ուժերի տրոհում` դրա մի հատվածը կեղծ ընդդիմության վերածելու և իշխանությունը կորցնելու պահին այն հենց այդ կեղծ ընդդիմությանը հանձնելու համար: Դա նրան հետագա անձեռնմխելիություն և իշխանության թիմային ժառանգականություն կապահովի: Եվ այդ գործում նրան կարող է շատ պետք գալ հենց Տիգրան Ավինյանը:

Մյուս հնարավոր տարբերակ կարող է և լինել Ավինյանի հնարավոր հավաքագրումն արտաքին ամենատարբեր հնարավոր ուժերի և խաղացողների կողմից, որոնք կարող են նրան ընդդիմության դաշտ տանելով` Հայաստանում «թավշյա» հեղաշրջում իրականացնել: Դրանով իշխանության կգան իբրև թե «առավել պրոֆեսիոնալ հեղափոխականները», իսկ իրականում, հնարավոր է` արդեն ամբողջությամբ վերահսկվող անգույն և մեծապես կառավարելի մարդիկ:

Եվ վերջին հնարավոր տարբերակն այն է, որ բացառված չէ, որ բոլորի հետ կոնֆլիկտ ստեղծող և իրեն լիակատար քաղաքական միայնության դատապարտող «հեղափոխության աստված»-ն ուղղակի հերթական ներքին կոնֆլիկտի արդյունքում ինչ-որ հերթական հետազատումային մեղադրանքով իշխանությունից կհեռացնի հերթական, այս անգամ ոչ շատ սիրված մի չինովնիկի:

Կյանքը ցույց կտա, թե որ տարբերակն է իրականության հիմքում: Բայց որ պարզամիտ հրճվանքը կարող է և վաղաժամ լինել, չի կարելի միանգամից հերքել»: