2020 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ բանկային համակարգում ավանդների ծավալը կազմել է 3 տրլն 524 մլրդ 152 մլն ՀՀ դրամ, որը փետրվար ամսվա նկատմամբ ավելացել է 27 մլրդ 979 մլն ՀՀ դրամով կամ 0,8 տոկոսով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից։ Արտակարգ դրության պայմաններում ավանդների ծավալի աճը պայմանավորված է մի քանի գործոններով։ Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ անորոշության պայմաններում նախընտրել են սառեցնել ներդրումային ծրագրերը և խոշոր գնումները, ասել է թե իրենց գումարները տնտեսության մեջ ներդնելու փոխարեն պահել են բանկերում։

Հատկանշական է, որ 2020 թվականի մարտ ամսվա ավանդները 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 549 մլրդ 782 մլն դրամով կամ 18,5 տոկոսով։ 2019 թվականի ընթացքում ներդրված ավանդներում մեծ մասնաբաժին ունի նաև ՀՀ կառավարությունը, որը խնայված-չօգտագործված ֆինանսական միջոցները ավանդադրել է կենտրոնական բանկում, իսկ դրանից ստացված տոկոսները ուղղել պահուստային ֆոնդ, որտեղից և վճարվել է նաև պետական հատվածի շռայլ պարգևավճարները։

Ուշագրավ մի փաստ ևս, 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ միջազգային պահուստները 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նվազել են 267 մլն ԱՄՆ դոլարով կամ 19,4 տոկոսով։ Միայն մարտ ամսին կենտրոնական բանկը դրամի արժեզրկումը կասեցնելու նպատակով միջազգային պահուստներից ծախսել է շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով, որ մարտ ամսին արտահանման ծավալները նվազել են 17,4 տոկոսով, իսկ դրսից եկող տրանֆերները մեծամասամբ կրճատվել են, անհասկանալի է թե ինչպե՞ս ապրիլ ամսվա ընթացքում դրամը արժևորվեց և ի՞նչ վնաս կարող է դա հասցնել մեր արտահանողներին։