ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին շատ է խոսվել համավարակին Շվեդիայի «համարձակ» արձագանքի մասին: Վերջնական եզրահանգումները հնարավոր կլինի անել միայն համավարակի հաղթահարումից հետո, բայց այս պահի դրությամբ Շվեդիայում մահացության մակարդակը 12.2% է` միջազգային 7%-ի գրեթե կրկնակին: Խիստ միջոցներ կիրառող հարևան Դանիայում և Ֆինլանդիայում այն շուրջ 4% է: Երեք օր առաջ Հարվարդի համալսարանի գիտնականներն ու Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի փորձագետներն հրապարակել են մոդելային սիմուլյատոր, որը հստակ ցուցադրում է, որ անգամ կորի կայունացման պայմաններում 12 շաբաթից շուտ վերաբացվելու պարագայում հուլիս-օգոստոս ամիսներին լինելու է ներկա պահի դրության կրկնակի-եռակի ավելի ծանր իրավիճակ թե՛ վարակվածների թվի, թե՛ մահերի առումով:

«Վերաբացվելու» և հիմնական շեշտն ինքնագիտակցության վրա փոխադրելու հետևանքները կարող են ի հայտ գալ ընդհուպ 20-30 օր հետո: Այդ պահին ամենախիստ միջոցներ ձեռնարկելու դեպքում անգամ հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ: «Թեթև դեպքերի» տնային բուժումը, կարծես թե, այլընտրանք չունի (չհաշված մեծածավալ ժամանակավոր հոսպիտալների ստեղծումը), սակայն բազմասերունդ համաբնակության և ինքնավերահսկողությամբ բնակարանների և ինքնագիտակցության ցածր մակարդակի պայմաններում կաող է բերել ծավալների կտրուկ աճի: Այս շաբաթների քայլերի արդյունքն էլ կարող է ամբողջությամբ չեզոքացվել և իմաստազրկվել»: