Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչներ, ամուսիններ Հովհաննես Մելիքյանն ու Ռուզաննա Մելոյանը իրենց նորածին երեխայի մահվան մեջ մեղադրում են Վեդիի ծննդատան բժիշկ–գինեկոլոգ Հարություն Բադալյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Ռուզաննա Մելոյանը պատմեց, որ հղիության ընթացքը նորմալ է եղել, 9 ամիսների ընթացքում ոչ մի խնդիր չի եղել:

«Ապրիլի 19-ին մեջքի հատվածում ցավեր եմ ունեցել ու գնացել եմ հիվանդանոց, ինձ ասել են, որ պետք է մնամ իրենց հսկողության տակ: Ապրիլի 20-ին բժիշկը հարազատներիս ասում է, որ երեխան այսօր անպայման կծնվի, անընդհատ հարազատներիս խաբում են, թե ուր որ է՝ կծնվի: Հետո գալիս է բժիշկ Բադալյանը, ու այդպես ապրիլի 21-ի առավոտյան նոր երեխան ծնվում է, շատ դժվարությամբ: Ես բժշկին խնդրում էի, որ ուժասպառ եմ եղել, որ կեսարյան հատում անի, կամ հարազատներիս տեղյակ պահի այդ մասին, բայց ինքը չգիտես ինչի որոշել էր, որ եերխայիս սեփական ուժերով եմ ունենալու»,- պատմեց 25-ամյա Ռուզաննան:

Նրա խոսքով` երեխայի ծնվելուց հետո ասել են, որ շնչառական խնդիրներ ունի եւ տեղափոխել են «Մուրացանի» մանկական հիվանդանոց: Այնտեղ էլ ասել են, որ ներարգանդային թոքաբորբ ունի երեխան, շնչառական խնդիր, նաեւ գլխի խնդիր:

«Երբ հարազատներս Բադալյանին հարցրել են, թե ինչի է գլխի խնդիր առաջացել, նա ասել է, որ 15-20 րոպե երեխայի գլուխը մնացել է կոնքի հատվածում, եւ դրանից է խնդիրը: Իմ երեխան 12 օր կյանքի ու մահվան կռիվ տվեց ու այսօր իմ երեխեն արդեն չկա, իմ առաջնեկը»,-ասաց նա:

Ռուզաննան ասաց, որ ինքը հստակ ուզում է հասականալ, թե որն է պատճառը, ով էր մեղավորը, որ իր երեխան մահացավ:

Երեխայի հայրն էլ` Հովհաննեսը, ասաց, որ իրենք հաղորդում են ներկայացնելու Ոստիկանություն եւ հետեւողական են լինելու, որ մեղավորները պատժվեն:

«Ես երեխա եմ, կորցրել ու չեմ ցանկանա, որ իրենց պատճառով որեւէ մեկը մեր վիճակում հայտնվի, ցանկանում եմ որ նախարարն ու վարչապետը ուշադրություն դարձնեն այս խնդրին»,- ասաց Հովհաննեսը: