Զոհված զինծառայող Արամայիս Ոսկանյանի մայրը՝ մանկավարժ Անուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին զինվոր է զոհվել...

Արդեն 4 տարի է, ամեն անգամ զոհված զինվորի մասին տեղեկանալիս նույն դառը վերապրումն ու կեղեքող ցավն եմ զգում: Երբ ոչ վաղ անցյալի անջնջելի հիշողությունները, անհերքելի իրականության խղճուկ մնացորդները հանգիստ չեն տալիս հոգնած բանականությանդ, երբ չասված բառերի հեղձուկը տապալում է քեզ ու ոչնչացնում ծվեն-ծվեն եղած ներքինդ, հանդուգն գիտակցության հետապնդումներին հակառակվելը, թերևս միակ զենքն է դառնում, իսկ ապրելու հույսիդ վերջին մարող ցոլքը՝ կարոտիդ միակ սփոփանքը: Երբ լսածդ բոթը հերքելու, ոչնչացնելու անհագ մղումը բախվում է մարդկային զգացումներին անհաղորդ, անարդարության բովում ամփոփված նյութական, չոր, սառն ու անտարբեր ժամանակի հետ, նույն պահին կարդում ես «Սահմանին զոհ ունենք» և վերջ. մի ակնթարթում ի չիք են դառնում հույսերդ էլ, փայփայած երազանքներդ էլ...»