Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9–րդ հարկից դուրս նետվելը հարեւանները սոցիալական խնդիր ունենալու հետ չեն կապում։

NEWS.am-ի հետ զրույցում հարեւանը պատմեց, որ տղամարդն իր երեխաներին շատ էր սիրում.


«Թոշակի անցած մարդ էր, բարեկիրթ ընտանիք էին, իր երեխաներին էլ շատ էր սիրում։ Սոցիալական ոչ մի խնդիր չեն ունեցել, իրենց ու իրենց երեխաների հագուկապը… Իր երեխաներին լավ էր պահում։ 2 օր առաջ երեխեքի հետ խաղում էր։ Շփվել եմ հետը, հարցրել եմ՝ ո՞նց ես Կարեն ջան, բա՝ լավ եմ, գնում եմ պաղպաղակ առնեմ երեխեքին, հետո գնանք սուրճ խմենք»։

«Ինչ-որ կին, որը փռում է աշխատում, առավոտյան գործի գնալիս նկատել է դիակներն ու զանգահարել է շտապ օգնություն»,- ասաց նա։

Հարեւանն ասաց, որ տղամարդը ՌԴ-ում սահմանապահ զորքերի սպա էր։

«Լավ, կիրթ երեխաներ ունեին, ինքն էլ կիրթ մարդ էր»,- ասաց հարեւանը։

Հարեւաններից Անահիտ Պողոսյանն ասաց՝ զգացել է, որ վերջին շրջանում տղամարդն ինքնամփոփ էր դարձել։

«Ոչ մի արտառոց կամ տարօրինակ բան չեմ նկատել, վերջին շրջանում ինքնամփոփ, գլուխը կախ՝ գնում-գալիս էր։ Ուղղակի էն տեսակ պապա էր, որ ամեն ինչ անում էր իր երեխեքի համար։ Չեմ կարող ասել՝ ամուսնալուծված էին, թե՝ ոչ, որովհետեւ գնում-գալիս էին։ Համենայն դեպս, երեխաներն այստեղ էին։ Կինն էլ գնում-գալիս էր, երեխաները շաբաթ եւ կիրակի օրերին աստեղ էին»։

Նշենք, որ այս պահին բնակարանում իրականացվում է դեպքի վայրի զննություն է, կատարվում են քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։