Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը խոստանում է մի օր Հայաստան գալ։ Մինասյանը այս մասին հայտնեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ` պատասխանելով սոցցանցերում իրեն ուղղված հարցին, թե ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան։


«Նիկոլ Փաշինյանն արդեն ինձ մեղավոր է համարում և մարդիկ, որոնք կատարում են իր հրամանները պատրաստ են ինձ կալանավորելու և փակելու` առանց խոսելու հնարավորություն տալու։ Իմ փոխարեն դուք կգայի՞ք` իհարկե, ոչ, բայց ես գալու եմ, քանի որ ինձ համար ծանր է ապրել Հայաստանից դուրս»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` վարչապետ Փաշինյանը դեռ չի հերքել այն, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր ամիսներ առաջ: Խոսքն այն մասին է, որ ըստ Վանեցյանի` Փաշինյանն իրեն հանձնարարել էր հանդիպել Մինասյանի հետ Հռոմում։

Հարցին, թե ինչո՞ւ չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց՝ «Սերժի վախտ» խոսում էին ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը։ Մինասյանը նշեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել է երկու պաշտոն՝ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, հետո արդեն դեսպան:

Իրեն ուղղված մեկ այլ հարցին՝ ինչ է արել հայրենիքի համար` Մինասյանը արձագանքեց․ «դեսպանի պաշտոնում նա ուղղակի ջախջախել է թուրքական ու ադրբեջանական լոբբին»։
Հիշեցնենք՝ մայիսի 2-ին Facebook-ում հրապարակած տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ: Դրանից հետո դատախազությունից հայտնել էին` Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ։

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։ Մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված պաշտպանն իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։