Սովորական վիրուսն այսօր դարձել է գլոբալ համավարակ, գլոբալ խնդիր ամբողջ աշխարհում, ընդ որում՝ ոչ միայն բժշկական խնդիր, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Այսպիսի կարծիք FAST-ի հետ Futures Studio-ի «Համաշխարհային կարգը համավարակից հետո․ սցենարներ եւ տրանսֆորմացիաներ» վեբինարի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Երբ ես մտածում եմ կորոնավիրուսի մասին, դա հիշեցնում է ինձ պատմության մի դրվագ։ Երուսաղեմի համար ճակատամարտը, երբ քրիստոնեական եւ իսլամական աշխարհները մարտնչում էին մի ոչ մեծ քաղաքի համար։ Երուսաղեմն այն ժամանակ ամենուր էր։ Յուրաքանչյուր թագավորական ընտանիք, քաղաքականություն, տնտեսություն՝ ամեն ինչ կապված էր Երուսաղեմի հետ, եւ արաբական աշխարհում էլ նույնն էր»,- ասաց նախագահը։

Նրա խոսքերով՝ երկար բանակցությունների ժամանակ Բալիան II Իբելինը հարցնում է Երուսաղեմը գրաված Սալահ ադ Դինին, թե ինչ էր նրա համար այդ ճակատամնարտը, որը հազարավոր կյանքեր խլեց։

«Ոչինչ»,-պատասխանում է Սալահ ադ Դինը։ Այնուհետեւ ավելացնում է․ «Ամեն ինչ»։

Մի կողմից, կորոնավիրուսը, Արմեն Սարգսյանի խոսքերով, նույնպես ոչինչ իրենից չի ներկայացնում, չէ՞որ այն ընդամենը վիրուս է՝ այդպիսիների հետ մարդկությունը արդեն շատ դարեր բախվում է։ Սակայն, մյուս կողմից, ժամանակակից աշխարհում այն դարձել է ինչ-որ ավելի գլոբալ բան, ազդել է ամբողջ աշխարհի վրա։

«Աշխարհը փոխվել է։ Մեր աշխարհում, որը դարձել է գլոբալացված, բազմամարդ քաղաքներով, մոլերով, աշխարհում, որտեղ շատ մարդիկ ճանապարհորդում են, մեր արագ աշխարհում, մարդաշատ աշխարհում վիրուսը դարձել է ամեն ինչ։ Նա ամեն ինչ փոխել է կարճ ժամանակում՝ ինչպես ենք մենք տեսնում առողջապահությունը, ինչպես ենք պայքարում մարդկային կյանքերի համար, այն ազդել է տնտեսության վրա ամբողջ աշխարհում, մեր ապագա պլանների վրա, մշակույթի վրա։ Նայեք՝ ինչ է տեղի ունենում մշակույթի հետ ամբողջ աշխարհում՝ թատրոնները դատարկ են»,- ասաց նախագահը։