«Ես տանն եմ մեկուսացել, հետևում եմ ինձ տրված ցուցումներին: Ջերմություն և այլ ախտանիշներ չունեմ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի ճշտող հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով վարակակրի կոնտակտավորների շրջանակում է եղել:

Փորձեցինք ճշտել մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի՝ վարակակիրը պատգամավորի օգնականն է եղել և աշխատանքի է գնացել՝ հաշվի չառնելով օրեր շարունակ ունեցած ջերմությունը, Բաղդասարյանը չցանկացավ այդ մասին մանրամասներ ներկայացնել:

«Վարակակրի հետ վերջին անգամ շփվել եմ վեց օր առաջ: Սակայն չեմ կարող նրա մասին անձնական տվյալներ տալ: Երեկ երեկոյան է նրա մոտ հաստատվել վարակը»,- նշեց պատգամավորը:

Մեր հարցին՝ թեստ արդեն հանձնել է, թե ոչ, Բաղդասարյանը կատակով պատասխանեց,- «Հանրայինի կայքում գրել էին՝ հանձնել եմ ու դրական է եղել, հիմա էլ իմաստ չեմ գտնում թեստ փչացնելու»:

Այնուամենայնիվ նշենք, որ թեստ դեռ չի հանձնել, երբ հանձնի, արդյունքների մասին անպայման կտեղեկացնի: