Պարոն Փաշինյանը բոլոր հարցերի պատասխանը շատ ամփոփ եւ շատ մանրակրկիտ ներկայացրեց. դրանք շատ ճիշտ գնահատականներ էին, ես բոլոր գնահատականները կիսում եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սպասում են քաղաքական հետեւանքներին, որպեսզի որոշեն՝ վերադառնում են ԱԺ, թե ոչ, նա արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ եզրահանգման կգա պարոն Մարուքյանը եւ «Լուսավոր Հայաստանը»: Կարծում եմ՝ իրենք էլ շատ լուրջ քննարկելու թեմա ունեն: Իրենք լքեցին դահլիճը, բայց ես համոզված եմ, որ ինչ-որ պահի կվերադառնան եւ կունենան ամբողջական ներկայացնելու իրենց տեսլականը, այնպես ինչպես ներկայացրեց վարչապետն այս մասով: Կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանը նույնպես կներկայացնի իր պատկերացումները, որովհետեւ հնչեցին գնահատականներ, որոնց պատասխանը կարող է տալ միայն Էդմոն Մարուքյանը»:


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իշխանությունը ամեն օր դառնում է սերժական, քոչարյանական եւ ԱԺ-ում նրանց սպասարկուների կողմից հոգեբանական բռնության զոհը, Քոչարյանը նկատեց. «Ես կարող եմ դրվագ ներկայացնել ինձ եւ իմ ընտանիքի անդամներին վերաբերող: Ես չեմ մանրանում, բալորդ էլ տեսնում եք, թե ինչ համախմբված սադրանքների գործընթաց է սկսվել: Այստեղ կան հեռուստաընկերություններ, որոնք մասնակից են այդ բոլոր գործողությունների»: