Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքին որոշ պատգամավորներ միջամտեցին կողմերին բաժանելու, որոշներն էլ՝ մի քանի հարված հասցնելու համար։

Հիշեցնենք, որ ծեծկռտուքը սկիզբ առավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև վիճաբանությունից հետո։ Լրատվամիջոցներում տարածվեցին կադրեր, թե ինչպես են «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը հարվածում Էդմոն Մարուքյանին։

Միջադեպից հետո «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը պատգամավոր Վահե Ղալումյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք վերջինս զղջում է բռնություն գործադրելու համար։ Ղալումյանը պատասխանել էր, որ բռնություն չի գործադրել։

«Ես բռնության չեմ դիմել, իմ գործողությունները միտված են եղել բռնությունը կանխելուն»,- հայտարարել էր Ղալումյանը։ Լրագրողի այն պնդմանը, թե տեսանյութում երևում է, թե ինչպես է վերջինս հարվածում Էդմոն Մարուքյանի գլխին, Ղալումյանը պատասխանել էր․ «Չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնդը չհարվածի Սասունին»։

Մինչդեռ ԱԺ կայքում տեղադրված տեսանյութում հստակ երևում է, որ ծեծկռտուքի սկզբում ամբիոնի մոտ հավաքված պատգամավորներին հաջողվում է Սասուն Միքայելյանին և Էդմոն Մարուքյանին հեռացնել իրարից, և Վահե Ղալումյանի՝ Էդմոն Մարուքյանին մոտենալու պահին Սասուն Միքայելյանը գտնվում էր Էդմոն Մարուքյանից առնվազն 5-6 մետր հեռավորության վրա, իսկ իրենց մեջտեղում ավելի քան 20 պատգամավոր կար։ Այսինքն՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Մարուքյանը ֆիզիկապես չէր կարող հարվածել Միքայելյանին։

Տեսանյութում հստակ երևում է նաև, թե ինչպես է Ղալումյանը թիկունքից մոտենում Մարուքյանին ու հարվածում, հստակ լսվում է նաև հարվածի ձայնը, ու երևում են Մարուքյանի՝ ձեռքով գլուխը պաշտպանելու կադրերը։

Ըստ այդմ՝ Ղալումյանի պնդումը, թե ինքը քաշում էր Էդմոն Մարուքյանին, որպեսզի վերջինս չհարվածի Սասուն Միքայելյանին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մարուքյանը չէր կարող հարվածել Միքայելյանին, իսկ Ղալումյանը թիկունքից հարվածել է Էդմոն Մարուքյանին։