Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկինում ու հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին․ «Առաջ ընդդիմադիր գործիչը եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, էնքան կծեծեին, էշին քեռի կասեր։ Եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ, ծաղրանքներ թույլ տար, ռեստորանում կծեծեին ու իր քաղաքական գործիչ եղբայրը կգնար հանդիպման երկրի ղեկավարի հետ, որպեսզի պայմանավորվի այդ հարցը հարթելու համար։ Այո՛, դա առաջ էր, հիմա նման բարքեր չկան։ Հիմա մենք ունենք իշխանությանը ներկայացված երեք վերջնագիր՝ տարբեր խմբակների կողմից։ Այո՛, քաղաքական գործչին պաշտպանելը միգուցե արգելված է, իսկ ո՞վ է պաշտպանելու՝ ուղիղ եթերների ընթացքում քաղաքական գործչի մոր, կնոջ, դստեր նկատմամբ հնչող սպառնալիքների հարցում քաղաքական գործիչներին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Նա նշեց, որ իրենք ընդդիմություն են եղել, որը չի վախեցել հեղափոխություն անել։ «Մենք մեզ թույլ չենք տվել խոսել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասին, որևիցե մեկի կնոջ սիրային հարաբերությունների, տուն գնալ-չգնալու մասին, իսկ հիմա այն մարդիկ, ովքեր թույլ են տվել մարդ ծեծել, ապտակել, բանտեր նետել, հայտնվել են մի իրավիճակում, երբ կա այն փողը, որ իրենք ծախսում են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ արշավն արդեն երկու տարի տանելով»։


Սիմոնյանը հավելեց, որ մարդիկ, ովքեր կապ չեն ունեցել հեղափոխության հետ, չպետք է հեղափոխության արժեքները գնահատելու մասին խոսեն։ «Միակ բանը, որ ակնկալում եմ հաջորդ ելույթի ժամանակ այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանն ու ևս մի քանիսը ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ձեզնից, ինձնից ու Սասուն Միքայելյանից»։

«Մենք մեզ թույլ չենք տվել խոսել որևէ մեկի կնոջ սիրային հարաբերությունների մասին»․ Ալեն Սիմոնյան