«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր ժամը 17:50-ին կկայանա Սահմանադրական կարգի տապալման հարցով հերթական դատաքննությունը եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի. Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, ՀՀ 3 եւ Արցախի մեկ վարչապետերի միջնորդությունը մերժո՞ւմ է, թե բավարարում: Այսինքն՝ Քոչարյանը ազատ կարձակվի՞, թե կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը եւ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որեւէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը:

Մի շարք իրողություններ իրար հետ համադրելով կարելի է ենթադրել, որ Դանիբեկյանը բաց կթողնի Քոչարյանին, որովհետև միջնորդություն ներկայացրել էին նաեւ Արցախի նախկին ու գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը եւ անցած տարի մայիսի 18-ին Քոչարյանն ազատ արձակվեց: Բայց, չնայած տվյալ նախադեպին, այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք մարդկայնորեն կարող են դատավորին դրդել կայացնելու այլ որոշում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավորին, վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Սակայն այս դեպքերից հետո Դանիբեկյանի գործընկեր Վազգեն Ռշտունին որոշում էր կայացրել և ազատ էր արձակել մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին: Եվ Դանիբեկյանը գործընկերների կողմից սա վիրավորական է համարել: Նաև այս ընթացքում տեղեկատվական ահռելի արշավներ են կազմակերպվել նրա դեմ, որից ևս վիրավորված է: Թե ինչ որոշում կկայացնի, միանշանակ դժվար է կանխատեսել, բայց ամենայն հավանականությամբ, դատելով իրավիճակից, Աննա Դանիբեկյանը կալանքի տակ կթողնի Քոչարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում