Այսօր սոցցանցում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից տեղեկություն տարածվեց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, ունի ոչ ավանդական կողմնորոշում, ամուսնացած է տղամարդու հետ, որի անունը Ֆարիս է։ Անգամ նրանց համատեղ լուսանկարը տարածվեց։ Hraparak.am-ը պարզաբանում խնդրեց այս կապակցությամբ նախագահի ընտանիքից։ Մեզ տրամադրեցին անձամբ նախագահի որդու՝ Հայկ Սարգսյանի պարզաբանումը որտեղ նա հերքում է, որ տղամարդու հետ է ամուսնացել։


«Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից: Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները: Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»,-փոխանցել է մեզ Հայկ Սարգսյանը։