Aravot.am-ը գրում է. Վոլգոգրադում Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր քահանա Մաղաքիա Օհանյանը, ճանաչելով անցած շաբաթ իններորդ հարկից իրեն ու երկու երեխաներին ցած նետած տղամարդուն, բացառում է, որ դեպքի ժամանակ նա ալկոհոլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ լիներ: Տեր քահանա Մաղաքիան բացառեց նաեւ, որ ինքնասպանություն գործած տղամարդը իր տանը հյուրընկալած նախկին կնոջը քնաբեր տված լինի:

«Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող ասել, բայց անձամբ ճանաչելով Կարենին (խմբ. իրեն ցած նետած տղամարդուն), կարող եմ ասել, որ նա ոչ ծխում էր, ոչ՝ խմում, թմրամիջոցի օգտագործման հավանականությունը նույնպես բացառվում է: Գիտեմ, որ դեպքի գիշերը՝ քնելուց առաջ կինն էլ, ինքն էլ վալերյանկա են խմել, սովորություն ունեին գիշերը երկար արթուն մնալ: Դեպքի նախորդ օրն եմ Սիմայի հետ (խմբ. իրեն ցած նետած տղամարդու նախկին կինը) խոսել, պատմեց, որ Կարենը վերջին օրերին շատ խաղաղ է, բարեհամբույր, ասաց՝ տարօրինակ խաղաղ է» ,-Aravot.am-ին պատմեց քահանան:


Նա պատմեց, որ Սիման իր հոգեւոր զավակն է, եւ Կարենն իրենից է նրա ձեռքը խնդրել. «Երբ նրան առաջին անգամ տեսա, ծանոթացա, ասացի՝ իր նման կիրթ մարդկանց շատ քիչ կարող ենք հանդիպել, բայց դա միայն արտաքին մասն էր ու արտաքին մաս էլ մնաց: Նա շատ էր սիրում իր երեխաներին, բայց այդ սերը կուրացրել էր նրան: Արդեն Սիմայի հետ բաժանվելուց հետո նա ինձ հետ զրույցի ժամանակ ասել էր, որ չի թողնի երեխաներին Սիմայի մոտ, Սիմայի դաստիարակությանը, նրա համոզմամբ, կինը չի կարող լավ դաստիարակություն տալ երեխաներին: Նա շատ ինքնահավան անձ էր, ընկերներ էլ չուներ, կնոջը խանդելու հողի վրա էլ միշտ պնդում էր, որ Սիման իրեն ցավեցնում է ու մի անգամ էլ ինձ էր ասել, որ ինքն այնպես է անելու, որ Սիմային ցավեցնի»:

ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին
Մեր զրուցակցի խոսքով, Կարենն էր Սիմային խնդրել, որ երեխաների հետ իրեն հյուր գնա, Սիման էլ չէր արգելում հոր հետ շփումը, ամեն ինչ անում էր, որ երեխաներն անհայր չմեծանան, Տեր Մաղաքիայի կարծիքով՝ նույնիսկ, երևի, նրա հետ միանալու միտք էլ է ունեցել:

Քանի որ համացանցում շատ էր շրջանառվում, որ իրեն ցած նետած տղամարդը կնոջը քնաբեր էր տվել, Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյոք նշանակվե՞լ են փորձաքննություններ պարզելու, թե դեպքի օրը իրեն ցած նետած տղամարդը քնաբեր տվե՞լ է նախկին կնոջը, թե՝ ոչ, ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: