ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ պարետատան կողմից որևէ որոշում հայտնելուց հետո կրկին սկսվում է անհասկանալի պրինցիպների կռիվը, թե բա՝ ես դիմակ չեմ դնելու, ես գալու եմ Հայաստան ու չեմ ինքնամեկուսանալու, թող մեկը փորձի ինձ տուգանի կամ կարգի հրավիրի...

Լուրջ եմ ասում՝ չեմ կարում հասկանամ, թե ինչի դեմ ա էս պրինցիպները: Ո՞ւմ եք ուզում վատություն անեք ձեր դիմակ չդնելով ու օրենքի դեմ դուրս գալով: Առաջին հերթին դա ձեր ու ձեր ընտանիքի հանդեպ իրականացվող վատություն է: Համաշխարհային համաճարակ է հայտարարված, մի մասը հավատում է, մյուս մասը չիպերի տեղադրմամբ է անհանգիսը, բայց այդ ընթացքում թարմացնում է իր iOS-ը կամ Android-ը, հետո թե բա՝ քիթս վիրահատած ա, դիմակ չեմ դնի, յանի վիրահատած քթով վիրուսը չի անցնի:

Երթուղային տաքսիները չեն գործում բողոքում են, գործում են՝ բողոքում են, խանութները փակ են՝ բողոքում են, բացում են՝ բողոքում են, տունը նստելուց՝ բողոք, չնստելուց՝ բողոք...

Հենց սենց իրավիճակի համար ա անունն «արտակարգ դրություն», որ հաշված օրերի ընթացքում կարա իրավիճակ փոխվի:

Պետք ա հստակ գիտակցենք, որ դիմակ դնել-չդնելով, ձեռնոց հագնել-չհագնելով, ախտահանվելով կամ չախտահանվելով, ինքնամեկուսանալով կամ չինքնամեկուսանալով, մենք առաջինն ինքներս մեզ ենք վտանգի տակ դնում:

Ես, իհարկե, վստահ եմ, որ հազարավոր անձինք կփորձեն միլիոնավոր օրինակներ բերել, որ իրենք իրականում ավելի շատ են անհանգիստ իրավիճակից, քան բուն պատասխանատուները, բայց այս ամենում ամենաշատ կարևոր գործողությունը հնարավորինս շատ զգույշ լինելն է, որպեսզի բոլորս միասին առողջ լինենք ու հաղթենք համաճարակին»: