Մեծարգո պարո՛ն վարչապետ,

Ձեզ նամակով եմ դիմում՝ հույս ունենալով ստանալ պատասխան, քանի որ ես նույնպես ուզում եմ ապրել լավ Հայաստանում: Ես՝ Արմեն Այվազյանս, ծնվել եմ 1984 թվականին Վանաձոր քաղաքում: Ավարտել եմ Վանաձորի թիվ 20 դպրոցը գերազանցությամբ՝ ստանալով ոսկե մեդալ: Ընդունվել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը և ավարտել համալսարանը գերազանցությամբ: Ծառայել եմ հայկական բանակում: Ծառայությունից հետո ընդունվել և ավարտել եմ ԵՊՀ մագիստրատուրան՝ դարձյալ գերազանցությամբ: 2008-ին ընտրվել եմ Վանաձորի ավագանու անդամ և վերընտրվել մեկ անգամ: Ունենալով ընդդիմադիր հայացքներ՝ ենթարկվել եմ նախկին իշխանությունների կողմից ճնշման, որի արդյունքում 2014 թվականին ստիպված լքել եմ Հայաստանը և ապրել Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստան վերադարձել եմ հեղափոխության օրերին՝ պարտքս համարելով մասնակցել իմ երկրի ազատագրմանը նախկին կլանից: Մասնակցել եմ հեղափոխությանը և իմ ելույթներով ոգեշնչել եմ համաքաղաքացիներիս: Հպարտ եմ իրականացրած հեղափոխության համար և կրում եմ նաև պատասխանատվություն: Հետևաբար՝ կան հարցեր, որոնք պարտավոր եմ բարձրաձայնել: Դրանք այն հրատապ հարցերն են, որոնց անտեսումը չի բխում հասարակության շահից:


1. ՀՀ-ում դեռևս տիրում է անպատժելիության և անարդարության մթնոլորտը, քանի որ հարյուրավոր թալանչիներ շարունակում են վայելքներով ապրել, իսկ հարյուրավոր մարդիկ էլ գտնվում են անազատության մեջ անօրինական դատավճիռների պատճառով:
2. ՀՀ-ում իրականացվող կադրային քաղաքականությունը, մեղմ ասած, ոգևորող չէ, քանի որ մարդիկ չեն նշանակվում պաշտոնների՝ իրենց մասնագիտությանն ու գիտելիքներին համարժեք և չեն ընկալում պաշտոնյայի՝ ժողովրդին ծառայելու պարտականությունը:
3. Իշխանության ներկայացուցիչների գերակշիռ մասի խայտառակ թերացումներն ու մեծամիտ պահվածքը ստվեր է գցում Ձեր համեստ ապրելակերպի վրա և տեղի է տալիս բազմաթիվ հերյուրանքների:
4. Իշխանության կողմից չի հարգվում և հակահեղափոխական է համարվում ցանկացած ընդդիմադիր կարծիք, ինչն անընդունելի է և չի բխում երկրի շահից ու նպաստում է բարոյահոգեբանական մթնոլորտի թշնամացմանը: Կարծում եմ՝ հավասարաչափ վտանգավոր են թե՛ նրանք, ովքեր ուզում են հին իշխանության վերադարձը, և՛ թե նրանք, ովքեր աչք են փակում ու փախչում առկա խնդիրներից:
5. Իշխանության մեջ քաղաքական թիմը փակված է իր մեջ՝ բաժանվելով հակասող խմբերի, ինչը դժվարացնում է ձեր նպատակի իրականացումը:

Մեծարգո պարո՛ն Փաշինյան, որպես մարդ, որը ձեր կողքին չկանգնելը համարում է դավաճանություն իր սկզբունքներին, շատ եմ խնդրում՝ շրջահայաց եղեք, ընտրեք ճիշտ կադրեր, ովքեր չեն խայտառակի Ձեզ և մեզ, կունենան համապատասխան գիտելիքներ և կարողություններ: Կրթված, խելացի և կայացած մարդիկ հին կաշառակերների կամ նոր արկածախնդիրների մեջ չեն, այդպիսի մարդիկ կողքից նայում և մեծ ցավ են ապրում հնի և նորի պայքարում: Համոզված եմ, որ այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկը սա է, կարծիքս կկիսեն հազարավոր քաղաքացիներ, քանի որ հոգնել ենք աշխատելու փոխարեն ներողություն խնդրելուց:

Հարգանքով՝ Արմեն Այվազյան