Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում ցուցադրվում է ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոստիկանի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհած 82–ամյա Արտուշ պապի արդեն վերանորոգված բնակարանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Հունանյանն ուղիղ եթերում պատմել էր, որ Արտուշ պապին իրենք տեղափոխում են ժամանակավոր բնակարան, որպեսզի վերանորոգեն նրա անմխիթար վիճակում գտնվող բնակարանը։

«Բնակարանը վերանորոգելու ենք ընկերներով։ Այդ ընթացքում նա կբնակվի իր բարեկամի տանը՝ Ավանում»,-նշել էր նա։

82–ամյա Արտուշ պապը հայտնի դարձավ, երբ ապրիլի 24–ին, անտեղյակ գործող սահմանափակումներին ծաղիկները ձեռքին փորձում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության նահատակների հիշատակին։ Ոստիկանները նրան թույլ չէին տվել բարձրանալ, ինչը քննադատության ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում։ Արդյունքում գիշերը ժամը երկուսին վարչապետի հանձնարարությամբ մի ոստիկան նրան ուղեկցեց հուշահամալիր, որտեղ Արտուշ պապը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։