Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ այսօր՝ մայիսի 17-ին, կրակոցներ են հնչել, միեւնույն ժամանակ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված երկու անձ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանությունը ահազանգը ստացել է Ժամը 02:10-ի սահմանում։

Ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածներն են Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյոք այդ ժամանակ կրակոցներ հնչել են, թե՝ ոչ: